Ի՞նչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիևյան կլանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի խնդիրը թշնամական պետության ղեկավարի համար միայն իշխանություն պահելու հարցը չէ, որ կարող է լուծել, թեպետ Ալիեւի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, հենց իշխանություն պահելն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը, որի կարծիքով, իր սանձազերծած պատերազմով ալիեւյան կլանը լուծում է նաեւ մի շարք այլ խնդիրներ:
«Օրինակ՝ առաջնագիծ տանելով թալիշներին, ավարներին, լեզգիներին՝ Ալիեւն ազատվում է ազգային փոքրամասնություններից: Եվ այդ շրջանակում իրենք բավականին զոհեր ունեն, ինչը ենթադրում է, որ այդ համայնքները բնաջնջվում են «լեգիտիմ ճանապարհով»:
Զուգահեռ պետք է արձանագրել, որ Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված ռազմական գործողությունն իր առջեւ խնդիր ունի բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը, ինչը երկար պատմական արմատներ ունեցող գործընթացի հերթական դրսեւորումն է: Այսինքն, հայկական էլեմենտի բնաջնջումը, ըստ իրենց, խնդիր է լուծելու պանթուրքիստական աշխարհի իրացվելիության տեսանկյունից:
Մյուս կողմից էլ սա Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում անկայունության գոտիներ ստեղծելու եւ այդ անկայունությունն արտահանելու հարմար իրավիճակ է:
Նկատի ունենանք, որ կա տեղեկատվություն, ըստ որի՝ ահաբեկչական որոշ խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից, արդեն հայտնվել են Ռուսաստանի թե՛ հյուսիսկովկասյան տարածաշրջանում, թե՛ շատ ավելի խորը հատվածներում: Այսինքն, թիրախը նաեւ Ռուսաստանի շուրջ անկայունության շրջանակն է, որն ինչ-որ փուլից հետո կտեղավորվի կամ կփոխադրվի արդեն Ռուսաստանի բուն տարածք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: