ԲՀԿ-ն շարունակում է քննադատել վարչապետին` առանց Սերժ Սարգսյանի անունը հնչեցնելու

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չափազանց զբաղված անձնավորություն է, և մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո այդպես էլ ժամանակ չգտավ գոնե մի քանի րոպեով գտնվել այն հաստատությունում, որն իր հիմնական աշխատավայրն է:

Քանի որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ ավելի կարևոր գործերով զբաղված լինելու պատճառով, հնարավորություն չունի մասնակցել այնպիսի աննշան միջոցառման, ինչպիսին ԱԺ նիստերն են, ապա կարելի է համարել, որ ԲՀԿ դիրքորոշումը խորհրդարանում ներկայացնում է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը մի այնպիսի հայտարարություն արեց, որ դրա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի շուտափույթ հեղափոխության կազմակերպումը, որպեսզի Հայաստանն ազատվի իր գործողություններով արտագաղթը, աղքատությունը խրախուսող և բացառապես պետական պարտքի մեծացմամբ զբաղվող կառավարությունից:

Նաիրա Զոհրաբյանը կառավարության գործունեության քննադատությունը սկսեց մի մասնավոր դեպքի քննարկումից: Զոհրաբյանը ներկայացրեց, որ ԲՀԿ խմբակցությունը հանդես էր եկել մի օրենսդրական առաջարկով, որով առաջարկվում էր գիտական և գեղարվեստական գրականության հրատարակումն ազատել հարկերից, դրանով նպաստելով այդ ոլորտի զարգացմանը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, չնայած մենք կարող ենք հղումներ կատարել մեր անցյալին, ասել, որ մենք դեռ մ.թ.ա. երկրորդ հազարամյակում գիրք ենք կարդացել, կարող ենք հղում անել  Մաշտոցին կամ  Սահակ Պարթևին, բայց փաստն այն է, որ մենք կարդացող ազգից վերածվել ենք չգիտեմ ինչի:

Զոհրաբյանի խոսքով, կառավարությունն իրենց այս և ևս երկու նախաձեռնությունները մերժել է միևնույն հիմնավորմամբ` դրանք չեն համապատասխանում կառավարության տնտեսական քաղաքականությանը: Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չէին էլ կասկածում, որ կառավարությունն այլ տնտեսական քաղաքականություն է իրականացնում, որի արդյունքն արտագաղթի, աղքատության և երկիր արտաքին պարտքի ավելացումն է:

Կարդացեք նաև

Մի փոքր ավելի մեղմ ձևակերպումներով կառավարությանը մեղադրանքներ ներկայացրեց նաև ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամ`Միքայել Մելքումյանը: Նա հիշեցրեց, որ կառավարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծրագրով նախատեսվում էր, որ երկրում պետք է ստեղծվի 70 հազար նոր աշխատատեղ, պետք է բացվեն 50 հազար փոքր և միջին ձեռնարկություններ, սակայն այդ խոստումները չեն իրականացվել: Մելքումյանը կառավարությանն առաջարկեց օրինակ վերցնել Վրաստանից, որտեղ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատված է հարկերից: Ըստ Մելքումյանի, ճիշտ կլինի, որ նույնկերպ Հայաստանում օրական մինչև 10 հազար դրամ եկամուտ ունեցողները վճարեն միայն եկամտահարկ` ազատվելով այլ հարկային պարտավորություններից:

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի կարծիքով էլ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները չեն նպաստում մեր երկրում մարդկային և համամարդկային արժեքների ամրապնդմանը և տարածմանը, որի արդյունքում բրիտանական  «Economist intelligence unit» ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով 167 երկրների շարքում հայտնվել է 111-րդ տեղում, որտեղ մեր հարևաններն են Նիգերիան և Բուրունդին:

Մեր երկրում ժողովրդավարության անհրաժեշտությունը հիմնավորելու համար Էնֆիաջյանը խիստ համոզիչ համեմատություն արեց` ասելով. ինչպես արևն է անհրաժեշտ ծաղիկներին, այնպես էլ ժողովրդավարությունն է անհրաժեշտ հասարակությանը:  Կարելի է չկասկածել, որ հաջորդ հայտարարություններում Էնֆիաջյանն ավելի պատկերավոր համեմատություններով հանդես կգա, ասելով` օրինակ, ինչպես ջուրն է անհրաժեշտ ձկների համար, կամ թթվածինը ֆոտոսինթեզի համար, այնպես էլ արտաքին մարտահրավերներն՝ ազգային միասնության համար:

Կարելի է չկասկածել, որ կառավարության գործունեության քննադատությունն արվում է ԲՀԿ ղեկավարի գիտությամբ և հանձնարարությամբ, իսկ դա նշանակում է, որ վարչապետի փոփոխության հարցը մնում է ԲՀԿ առաջնահերթ խնդիրը: Հիմա ԲՀԿ-ին առաջարկում են Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն անել. ԲՀԿ-ն, թերևս, փորձում է հասկացնել, որ դա կարող է լինել վարչապետի փոփոխության դեպքում, և իրենց կողմից ներկայացված նախապայմանը մնում է ուժի մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս