«Աստված պահապան հայ զինվորին». Բիչախչյանը գոլը նվիրել է hայ զինվորին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը ակումբի կազմում գոլից հետո այն նվիրել է Հայ զինվորին:
Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ժիլինա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել է «Դունայսկա Ստրեդա»-ին և առավելության հասել 4:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ «Ժիլինա»-ի կազմում` աչքի ընկնելով հանդիպման 23-րդ րոպեին: Գոլի հետո Բիչախչյանը իր շապիկի վրա ցուցադրել է գրառում. «Աստված պահապան հայ զինվորին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 18 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 5 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2300 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։