Ովքե՞ր են «հարվարդյան տղաները»

«Բոլոր նրանք, ովքեր այսօր ամենատարբեր ատյանների նախագահներ և նախարարներ են, պետք է հստակ իմանան`իրենք հնացել են: Այս դասը, որը մենք թյուրիմացաբար անվանում ենք քաղաքական կամ պետական դաս, Վաշինգտոնի, Լոնդոնի և աշխարհակալ այլ կենտրոնների տեսակետից հնացել է: Նրանք բանի պետք չեն, նրանց փոխարինելու են գալիս լրիվ այլ ուժեր. գալիս են երիտասարդներ` հիմնականում անգլիախոս, ավարտել են այս կամ այն կուրսերն այս կամ այն ԲՈՒՀ-երում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

«Իմ բարեկամներից մի քանիսի երեխաները Հարվարդի համալսարանն են ավարտել, և երբ ես ասում եմ` «հարվարդյան տղաներ», նրանք ասում են,  թե ինչո՞ւ ես նեղացնում մեր տղաներին: Ես ասում եմ, չէ, Հարվարդ ավարտածները «հարվարդյան տղաներ» չեն: «Հարվարդյան տղաները» դրանք կիսատ-պռատ Արևմուտքում կրթություն ստացած, կաղապարված երիտասարդներ են, ովքեր ջուր չեն խմում, նրանք խմում են H2O: Նրանց անիմաստ է առաջարկել աղբյուրից ջուր խմել, քանի որ նրանք գիտեն, որ կա մի մեքենա, որն արտադրում է այդ H2O-ն, որը նրանք օգտագործելու են:

«Սա մի ամբողջ սերունդ է, մի ամբողջ ողբերգություն է և’ մեր ժողովրդի, և’ աշխարհի տարբեր ժողովուրդների համար, որովհետև ռոբոտացված մի համակարգ է, որը ապագա, ավելի ճիշտ` մեռնող աշխարհի վերջին ճիգն է` բոլոր երկրներում հաստատել այպիսի անդեմ, գորշ ադմինիստրացիա: Հայաստանում իշխանության է գալիս այդ ադմինիստրացիան` միակ հաղթողը, եթե դրան հաղթող կարելի է անվանել, որովհետև այդ աշխարհակալ պետություններն էլ են պարտված իրենց փիլիսոփայության մեջ, նրանք ապագա չունեն»,- ասաց Ա.Մանուչարյանը` ավելացնելով, թե «հարվարդյան տղաներից» պակաս վատն են օլիգարխները, նախարարները և մյուսները, որովհետև «ընդամենը գող, ավազակ և հանցագործ են, բայց մարդ են»:

Իսկ հարցին, թե կարո՞ղ եք մեկ, երկու, երեք անուններ նշել այդ «հարվարդյան տղաներից», Ա.Մանուչարյանը պաասխանեց.

Կարդացեք նաև

«Մեկ, երկու, երեքը մի փոքր համեստ թվերով եք ասում: Միգուցե արդեն մեկ, երկու, երեք հազարից խոսենք: Նայեք` ովքե՞ր են ավարտել Տաֆտի համալսարանը, նայեք` ովքե՞ր են ավարտել անգլիական մի շարք ԲՈՒՀ-եր, հարյուրավոր երիտասարդներ: Նրանցից ոչ բոլորն են «հարվարդյան տղաներ». եթե մարդ ունի ներքին մարդկային խորություն, ստացած ամերիկյան, անգլիական կրթությունը կարելի է միայն ողջունել, հանկարծ չմտածեք` վա´յ, ով ավարտել է, ուրեմն` վե´րջ: Ես խոսում եմ նրանց մասին, ով մակերեսային, կլիշեների կրթություն է ստանում, հիմնական ձեռքբերումը դիպլոմն է և կապն այնտեղի քեռիների հետ: Կապ ասելով ես նկատի չունեմ ագենտուրային կապը, ավելի վատ կապ է:

Դեռ 10-15 տարի առաջ, երբ նրանցից առաջինները սկսեցին պատրաստվել, նկարագրել էի մի դեպք, երբ 3 այդպիսի տղաներ իրար մեջ զրուցում են: Պատմեմ, թե ինչպիսին է նրանց զրույցը. ամեն անգամ, երբ նրանք հանդիպում էին (մեկը կապ ուներ Բրիտանիայի հետ, մյուսը` Ֆրանսիայի, իսկ երրորդը` Իսրայելի), իրար հետ վիճում էին մի հարցով` այդ երեք երկրներից ո՞րն է առավել կատարյալ: Նրանք անիծում են այն օրը, որ հայ են ծնվել, քանի որ իրենք, լինելով շատ պայծառ անձնավորություններ, ստիպված են իրենց կյանքն անցկացնել այս խղճուկ ժողովրդի մեջ և այս խղճուկ երկրում, մինչդեռ նրանք կարող էին համաշխարհային խնդիրներ լուծել:

Նրանք ամեն հանդիպելուց պատմում են կեղտոտ անեկդոտներ հայ ժողովրդի մասին, և ով ամենակեղտոտ անեկդոտը պատմեց, նա էլ այդ հանդիպմանը հաղթողն է»:

 


Տեսանյութեր

Լրահոս