«Թուրքիան ակնհայտորեն լարում է իրավիճակը և իրավիճակում ներգրավվելու հայտեր է ներկայացնում». ՀՀ վարչապետ
ԱԺ հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք որևէ գործողություն իրականացնում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հանցագործությունը որպես իրավական գործընթաց առաջ տանելու համար։
Պատասխանելով հարցին, վարչապետն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տանում են։
«Մեր մասնագետներն այս ուղղությամբ աշխատում են, աշխատում է նաև վարչապետի աշխատակազմը, այդ կապակցությամբ այլ միջոցներ նույնպես կձեռնարկվեն»,-ասաց վարչապետը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ դիմելով վարչապետին, ասաց, որ հաղթանակի գրավականը միանշանակ հայ ժողովրդի կուռ միասնականությունն է։
«Մեկ վայրկյան իսկ չեմ կասկածում, որ բանակն իր խնդիրը լավ է լուծելու և կատարելու է առաջադրանքները, մեզ կմնա, որ նման հաղթանականեր տոնենք նաև դիվանագիտական ճակատներում։ Մեր հիմնական գործընկերներից ի՞նչպիսի արձագանքներ ունենք և միջազգային հանրությունից, բացի այն ընդանրակական հայտարարություններից։ Նաև ի՞նչ կարող եք ասել, ներքին ֆինանսկան և տնտեսական կարողությունները մոբիլիզացնելու և բանակի թիկունքը ապահովելու, մատակարարումները պատշաճ կատարելու մասով, արդյո՞ք այդ ուղղություններով աշխատանքները կատարվում են»,-ընդգծեց նա։
Պատասխանելով, վարչապետն ասաց, որ առավոտյան եղել են հանձնարարականներ, այդ թվում՝ տնտեսական ուղղություներով, որպեսզի ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, նաև ապահովեն բանակի ամուր թիկունքը։
«Պետք է արձանագրել, որ և՛ տնտեսական և՛ հոգեբանական և տեղեկատվական մասով մենք անելիքներ ունենք, միջազգային հանրությունը սկսել է արձագանքնել։ Դրանք հիմնականում չեզոք են, բացի Թուրքիայի արձագանքից, որն ակնհայտորեն լարում է իրավիճակը և իրավիճակում ներգրավվելու հայտեր է ներկայացնում։ Մենք այս տեղեկատվությունը պետք է կիսենք և միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնենք, թե ինչ է կատարվում, մանավանդ մեծ տարածաշրջանային կոնտեքստում»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։