Հայաստանի ժուռնալիստների միության կոչը լրատվամիջոցներին

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի ուղղությամբ, օդային և հրթիռային հարվածներ  են հասցվել սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով, թիրախավորվել են թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Դժբախտաբար, արդեն իսկ կան զոհեր և վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Ինչպես միշտ, Ադրբեջանն իր ագրեսիվ ռազմական գործողություններին զուգահեռ նույն ագրեսիվությամբ պատերազմ է մղում նաև տեղեկատվական դաշտում՝ օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները։ Այս պայմաններում չափազանց կարևոր է մեր լրատվամիջոցների զգոնությունն ու զգուշավորությունը՝ որևէ պարագայում չտրվել կասկածելի, չստուգված տեղեկություններ տարածելու գայթակղությանը և հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվություն։

Դա կարևոր է՝ ինչպես մեր տեղեկատվության անվտանգության ապահովման, այնպես էլ այս պահին հատկապես զինծառայող որդիներ ունեցող ընտանիքներին խուճապային տրամադրություններից ու սթրեսային իրավիճակներից զերծ պահելու առումով։

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից և ուղղվածությունից, գործել պետության անվտանգության գերակայության ու մասնագիտական էթիկայի բոլոր սկզբունքների անվերապահ պահպանմամբ։

Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարևոր է հաղթել նաև տեղեկատվական ճակատում, որովհետև դա հնարավորություն է տալու հետագայում ռազմական հաղթանակներն ամրագրել նաև դիվանագիտական ասպարեզում։

Կոչ ենք անում պատվով կատարել մեզ բաժին հասած այս պատերազմում մեր առաքելությունը և պրոֆեսիոնալ կատարել մեր զինված  ուժերի թիկունքային ապահովվածության առաքելությունը։

Կոչ ենք անում շփման գոտում աշխատող մեր բոլոր գործընկերներին՝ ցուցաբերել առավելագույն զգուշություն և իրենց բոլոր գործողություններն անպայմանորեն համաձայնեցնել Արցախի պատկան կառույցների մամուլի ծառայությունների հետ։

Պատերազմական պայմաններում, որպես կանոն, ակտիվանում են նաև հայկական կայքերի դեմ ուղղված հաքերային հարձակումները, ուստի մեր բոլոր լրատվական կայքերի խմբագիրներին ու համակարգողներին կոչ ենք անում խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ և ապահովել կայքերի հավելյալ անվտանգություն։

 Հայաստանի ժուռնալիստների միություն

Տեսանյութեր

Լրահոս