Բաժիններ՝

Ըստ կանխատեսումների՝ մենք կունենանք 7-8 տոկոս տնտեսական անկում. Գագիկ Մինասյան

Տնտեսագետ, ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ արդեն կարելի է ամփոփել այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքը և տարվա համար կանխատեսումներ անել:

Նրա փոխանցմամբ՝ առաջին 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են շուրջ 90 մլրդ  դրամով: Սա նախատեսված ծախսերի 11 տոկոսն է:

«Մոտ մեկ ամսվա բյուջետային մուտքերն ավելի պակաս էինք հավաքել, քան անհրաժեշտ էր: 9-րդ ամսվա համար կունենանք 15 տոկոսի թերակատարում: Սա խոսում է այն մասին, որ 3-րդ եռամսյակում ոչ թե տնտեսության կայունացման միտումներր կան, այլ՝ ընդհակառակը․ տնտեսական  անկումը խորացել է:  Հայաստանը, օգոստոսի տվյալներով, շուրջ 8 մլրդ դոլարի է հասցրել պետական պարտքը, իսկ Կառավարության պարտքը հասել է 7,5 մլրդ դոլարի: Ընդ որում, եթե համեմատենք, ապա կառավարության պարտքը երկու տարվա ընթացքում 1,3 մլրդ դոլարով ավելացել է, ինչը չափազանց մեծ աճի տեմպ է, և որպեսզի սա վտանգավոր չլինի պետական ծրագրի իրականացման համար, դուք պետք է կարողանաք ոչ միայն վարկ վերցնել, այլև մարել դրանք»,- ասուլիսի ժամանակ նշեց Մինասյանը՝ հավելելով, որ դրանք բավականին մեծ գումարներ են, սովորաբար հասնում են վարկի 9-10 տոկոսին:

Գ․ Մինասյանի գնահատմամբ՝ պետական բյուջեի ծախսերն անարդյունավետ են կառավարվում:

«Այս իրավիճակում շարունակում են գնումներ կատարել մեկ աղբյուրից, ինչը պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ուղիղ ճանապարհն է: Բազմաթիվ միջազգային կառույցներ ասել են, որ մեկ աղբյուրից գնումները դրանք պարարտ հող են ստեղծում պետական միջոցների փոշիացման և յուրացման համար, նաև կոռուպցիոն մեծ հիմքեր են պարունակում:

Ներգրավված միջոցներն արդյունավետ չծախսելու մասին խոսում է նաև  կառավարության գաղտնի որոշումով հաստատված պարգևավճարների գումարները: Շուրջ 130 մլն դոլարի պարգևավճարներ են տրվել պետական բարձրաստիճան անձանց՝ կառավարության գաղտնի որոշմամբ, որը որևէ իրավական հիմք չունի, ըստ էության, հակասում է մեր օրենսդրությանը և Սահմանադրությանը»,- նշեց նա:

Իսկ տնտեսությունն ապագա զարգացումների համար պատրաստելու համար, Գագիկ Մինասյանի խոսքով, պետական բյուջեից պետք է կարողանալ ահագին ծախսեր կատարել: Խոսքը ջրագծերի, ճանապարհների բարեկարգման, շինարարության մասին է:

«Ահա այս բոլոր բնագավառներում առաջին կիսամյակում այս կապիտալ ծախսերը թերակատարվել են 62 տոկոսով: Սա խայտառակ ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ մեր ծախսային քաղաքականությունը կաղում է: Կախարդական շրջանից դուրս գալու ճանապարհը տնտեսական աճն է, որը բերելու է հարկային եկամուտների մեծացման, տնտեսության ակտիվացման, վարկային միջոցների մարման:

Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում, երբ ամփոփվի 9 ամիսների ցուցանիշը, մենք կունենանք 7-8 տոկոս տնտեսական անկում»,- նկատեց Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ սա չի կարելի պայմանավորել միայն կորոնավիրուսի հարվածով:

Մինչև կորոնավիրուսն իրականացվող քաղաքականության արդյունքներով ևս պայմանավորված է:

«Դա դատական համակարգի նկատմամբ աննախադեպ ճնշումների արդյունք էր, որը ոչ միայն ներքին տնտեսվարողների մոտ էր թերահավատություն առաջացնում իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ, այլև  արտաքին ներդրողների մոտ: Եթե 2017թ. օտարերկրյա ներդրումները կազմում էին 93 միլիարդ դրամ, ապա 2019թ. դրանք 2 անգամ կրճատվեցին՝ հավասարվելով 48 միլիարդ դրամի, իսկ այս տարվա առաջին եռամսյակում մենք ունեցանք մինուս 11.3 միլիարդ դրամի ռեալ ներդրումներ: Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները Հայաստանից արտահոսել են դուրս»,- մանրամասնեց ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս