Ե՞րբ կավարտվի «հեղափոխությունը» ՀՊՏՀ-ում. Ռեկտորի նախկին պաշտոնակատարը պնդում է՝ կառավարության առջև այսօրվա ցույցը կազմակերպելիս կիրառվել է վարչական լծակ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն առաջիններից էր, որտեղ «թավշյա հեղափոխության» մունետիկները ծածանեցին հեղափոխության դրոշը:
Սկզբում կարծես ամեն բան գնում էր հեղափոխական սցենարով՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց 31- ամյա Ռուբեն Հայրապետյանը, որը նույն համալսարանի շրջանավարտ էր: Սակայն հետհեղափոխական կրքերն այսպիսով չհանդարտվեցին. 2019 թվականի օգոստոսին համալսարանի մի խումբ դասախոսներ իրենց շրջանավարտի ատենախոսության մեջ գրագողության դեպքեր գտան: Ռուբեն Հայրապետյանը 2009թ. հենց Տնտեսագիտական համալսարանում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը, սակայն բուհի դասախոսները 10 տարի անց միայն խոսեցին գրագողության մասին (այդ պնդումները հետագայում առոչինչ են ճանաչվել դատարանում):
Ի դեպ, նրանք նաև նշում էին, որ դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնած բարեփոխումներից, մասնավորապես՝ դասախոսական նոր կազմի մրցույթից, ինչը համարում էին անօրինական: Ի վերջո, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը թողեց զբաղեցրած պաշտոնը:
Սա լավ առիթ դարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար՝ ցույց տալու իրենց հեղափոխական արժեքների վեհությունը, և, ինչպես սպասելի էր, այդ համատեքստում նա ֆեյսբուքյան գրառմամբ հարկ համարեց նշել․
«Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:
Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություննե՞ր, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքնե՞ր, անձնական հարաբերություննե՞ր, թե՞ աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»:
ՀՊՏՀ ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի ատենախոսության մեջ եղած արտագրության դրվագների մասին բարձրաձայնեց նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը:
Նկատենք, սակայն, ամիսներ անց, երբ Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Դիանա Գալոյանը, Սմբատ Գոգյանը կրկին խոսեց արտագրությունների մասին, այս անգամ՝ Դիանա Գալոյանի ատենախոսությանն առնչվող, որի մասին բարձրաձայնել էին նաև ՀՊՏՀ ուսանողները՝ ԿԳՄՍ նախարարին ուղղած իրենց նամակում:
Դրանք, սակայն, նախկին հեղափոխական բարեհաճությամբ չընդունվեցին պատկան մարմինների կողմից, ինչպես Ռուբեն Հայրապետյանի պարագայում: Այս իրավիճակն անգամ դրդեց ԲՈԿ նախագահին՝ պաշտոնից ազատման դիմում ուղղել վարչապետին, որը, ի դեպ, դեռ անպատասխան է, ինչպես և անպատասխան է Դիանա Գալոյանի՝ ռեկտորի թափուր պաշտոնում ընտրության հաստատումը:
Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Ու թեև ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա կասեցվել էր դատարանի արգելանքով, սակայն հուլիսի 17-ին կայացել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր էր ընտրվել նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, նույն օրը Դիանա Գալոյանը նաև աստիճանազրկվել էր ԲՈԿ-ի որոշմամբ:
Ավելի ուշ ԿԳՄՍՆ-ն բավարարել էր Դիանա Գալոյանի վարչական բողոքները՝ անվավեր ճանաչելով ԲՈԿ նախագահի հրամանները:
Եվ ահա այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքներն օրենքով սահմանված կարգով: Կառավարությունից ցուցարարներին տեղեկացրել են, որ հարցը կզեկուցեն վարչապետին:
Լրագրողների հետ զրույցում բողոքի մասնակիցները հերքել են ցույցի՝ համալսարանի ղեկավարության կողմից կազմակերպված լինելու մասին լուրերը՝ պնդելով, որ հավաքն ինքնաբուխ է:
«Միայն հիվանդ երևակայությամբ մարդը կաներ պնդում առ այն, որ առավոտյան իր քաղաքական թիմի կողմից պահված նախարարն իր քաղաքական թիմի և իր վաղեմի ընկերոջ դեմ ինչ-որ ցույց կպլանավորի, կհորդորի…»,- ասել էր ՀՊՏՀ-ում այս պահին ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, ում Դիանա Գալոյանը նշանակել էր ուսումնական գծով պրոռեկտոր:
Հիշեցնենք, սակայն, «ՀՊՏՀ ուսանողները» դեռ օրեր առաջ էին տեղեկացրել այս հավաքի մասին, մասնավորապես՝ գրելով. «Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»»:
Ի դեպ, երեկ ենթադրաբար այս հավաքին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ գրելով. «Ի գիտություն. Վարչական լծակի գործադրմամբ, պաշտոնեական լիազորություններն անցնելով ու համալսարանի դասախոսների վրա ազդելով սեփական նպատակների համար դասաձախողում կազմակերպելը (թեկուզ 1 դասախոսի և 1 խմբի) հանցագործություն է և պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների հատկանիշներ՝ վնաս պատճառելով ուսանողների օրինական շահերին: Վարչական լծակ կիրառելու փաստը կպարզեն իրավապահ մարմինները: Դասադուլ անում են ուսանողները, իսկ վաղվա բեմադրվող հանդեսը հանցագործություն է»:
Այսօր 168.am-ը Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություններ է ունեցել նա ՀՊՏՀ կազմկոմիտեի կազմակերպած ցույցի վերաբերյալ՝ հաշվի առնելով երեկվա գրառման մեջ արված արձանագրումները։ Ի պատասխան՝ նա նշեց․
«Ինձ զանգահարել են համալսարանի աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ համալսարանի ղեկավարության կողմից աշխատակիցներին հայտնել են, որ այսօր իրենք կամ համալսարան պետք է չգան, որովհետև դաս չի լինելու, կամ պետք է գան և մասնակցեն ցույցին: Ստացվում է՝ կիրառվել է վարչական լծակ, և, բնականաբար, եթե այդ վարչական լծակը կիրառվել է տարբեր ամբիոնների վարիչների, դեկանների կողմից, տրամաբանական է մտածել, որ համալսարանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացված գործողություններ են, որը, իմ խորին համոզմամբ՝ հանցագործություն է, որովհետև համալսարանի որևէ մակարդակի ղեկավար նման լիազորություն չունի: Իսկ դրա հետևանքով տուժում են ուսանողները, որոնք (նկարներ տեսա, որ հրապարակել են ուսանողները) այսօր գնացել են համալսարան և սպասում են դասախոսներին: Նշանակում է՝ խախտվել է ուսանողների կրթություն ստանալու իրավունքը»:
Անդրադառնալով հավաքի ինքնաբուխ լինելու մասին պնդումներին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Եթե բողոքի ձայնն էին բարձրացնում, ինչո՞ւ է ղեկավարությունն այս ամենին խառնված, ինչո՞ւ է ռեկտորի պարտականությունները կատարողն առանձին գրառում կատարել այս մասին (նկատի ունի Արմեն Գրիգորյանին, որը այսօր Կառավարության առջև էր։- Զ.Դ․), ինչո՞ւ է այդ ցույցի ժամանակ կանգնած խոսում:
Սա նաև ակնհայտ է դարձնում այն հանգամանքը, թե ինչու էր ամիսներ առաջ նախարարն օրենքի կրկնակի խախտումով պնդում, որ հենց այդ անձը կատարի ռեկտորի պարտականությունները, որպեսզի նմանատիպ իրավիճակներում վերահսկողություն լինի համալսարանում, որովհետև, եթե հանկարծ չեզոք մարդ լիներ, այս հավաքը երբևէ չէր կազմակերպվի»:
Ռուբեն Հայրապետյանը նկատեց նաև՝ ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելը վկայում է, որ կառավարությունն ուսումնասիրում է խնդիրը: Նա համոզված է, որ կհաստատվի օրինականությունը. «Ես չեմ կարծում, որ կառավարությունը գիտակցաբար կհաստատի մի ապօրինի մրցույթի արդյունք, որը մի քանի ամիս անց ճանաչվելու է անվավեր դատարանի կողմից»:
Այսպիսով, «հեղափոխությունը» Տնտեսագիտական համալսարանում դեռ շարունակվում է. ցավալի է, որ դրանից տուժում են ուսանողները:
The show must go on…