«Նիկոլ Փաշինյանին պետք է արևմտամետ ընդդիմություն, նրանք սկսել են բուծել այդ ընդդիմությանը՝ բրոյլերային հավերի նման». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ այժմ ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում բուռն գործընթացներ: Չնայած նրան, որ իշխանությունը փորձում է սեպ խրել ընդդիմադիր բևեռների միջև, Աշոտյանի կարծիքով՝ դա չի հաջողվում:

«Իշխանությունը փորձում է իրականացնել հին հռոմեական ռազմավարությունը՝ «Բաժանի՛ր, որ տիրես», բայց այսօրվա դրությամբ դա դեռ չի ստացվում: Իշխանական քարոզչամեքենան պարբերաբար փորձում է սեպ խրել, կամ նոր բաժանարար գծեր առաջացնել ընդդիմության ներսում: Դա արվում է, օրինակ՝ հանրապետականներ-Ռոբերտ Քոչարյան գծով, Սերժ Սարգսյան-Ոոբերտ Քոչարյան, դա փորձել են անել վերջերս ՀՀԿ-ԲՀԿ ճամբարով: Դա տեսանելի, բայց դիտավորյալ քաղաքականություն է: Ի պատիվ մեզ ու մեր մնացած գործընկերների՝ պետք է ասել, որ մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել ու կլինենք, հուսով եմ, անցյալում թողնել մեր տարաձայնությունների  ողջ ժառանգությունն ու նստվածքը, որովհետև երկրին սպառնացող խնդիրները շատ ավելի կենսական են ու կարևոր, քան անցյալի այն բեռը, որի մասին Նիկոլ  Փաշինյանի քարոզչամեքենան պարբերաբար փորձում է բարձրաձայնել»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նկատում է, որ իշխանությունը փորձում է ստեղծել սեփական ընդդիմություն, քանի որ դժգոհ է ներկա ընդդիմության որակից: Աշոտյանի կարծիքով՝ «նոր ընդդիմությունն» ունի կոնկրետ գեոպոլիտիկ հայացքներ:

«Իշխանությունը դժգոհ է այսօրվա ընդդիմությունից, և բաց տեքստով իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ իրենց պետք է նոր որակի ընդդիմություն: Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում՝ նոր որակի ընդդիմություն, ապա առաջինը պետք է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր՝ այսօրվա ընդդիմության նման որակ ՀՀ-ում որևէ ընդդիմություն չի ունեցել, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե որակյալ, այլ անորակ ընդդիմություն:

Նիկոլ Փաշինյանի թիմի պատկերացրած ընդդիմությունը, չգիտես ինչու, բոլորն արևմտամետ են, բոլորն ակնհայտ շաղկապվածություններ ունեն և չեն էլ թաքցնում իրենց գեոպոլիտիկ ճաշակը: Ես շատ լավ գիտեմ, թե ինչու, «չգիտեմ ինչու» հարցը հռետորական էր: Նիկոլ Փաշինյանին պետք է արևմտամետ ընդդիմություն, նրանք սկսել են բուծել այդ ընդդիմությանը, փորձում են բրոյլերային հավերի նման հորմոնների և անաբոլիտների վրա նստացնել, որ այդ, այսպես կոչված, նոր ընդդիմությունն արագ աճի, դառնա խաղացող, հանրային կարծիք ձևավորող: Բայց դա այնքան կեղծ է, սուտ և տեսանելի իշխանական պրոյեկտ, որ մեր հանրությունն առ այսօր չի գնացել այդ պրոյեկտի հետևից: Ընդհանրապես իշխանությունը սիրում է ամեն ինչին տիրանալ, Նիկոլ Փաշինյանն ուզում է տիրանալ նաև ընդդիմադիր դաշտին, ինչը գործող ընդդիմադիր դաշտի այսօրվա տեսանելի առաջատարների դեպքում, ի դեմս ՀՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի, պարզապես անհնար է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է ձևավորեն հանրային կարևորության օրակարգ, որը կընդգրկի երկրում կուտակված սոցիալական և հասարակական դժգոհությունները, և կարողանան դրանք վերածել քաղաքական գործընթացների: Նա, սակայն, դեմ է  ցանկացած արհեստական միավորումների, արհեստական օրակարգերի:

«Իմ կանխատեսումն անեմ․ ընդդիմությունն իր հիմնական մասով միավորվելու է, այդ միավորումը լինելու է բնական գործընթաց, հասունացող գործընթաց, այդ միավորման հիմքում ընկած չի լինելու միայն մեր կողմից առաջ քաշած կարգախոսը՝ «Հայաստանն առանց Նիկոլի», այլ լինելու է նաև երկրորդ կարգախոսը՝ «Հայաստանը Նիկոլից հետո»:

Ասում է՝ իշխանություն վերցնելը մի այիբ է, զրկվելը՝ երկու: Նիկոլ Փաշինյանի օրինակով տեսնում ենք, որ նա իշխանությունը վերցրեց, բայց իշխանությունը «քշել», վարել այդ մեքենան նա չի կարողանում: Պետություն կառավարելը երկրորդ այիբն է Նիկոլի դեպքում: Դրա վառ ապացույցը, օրինակ՝ երեկվա խեղկատակությունն էր, երբ  վարչապետն Անկախության օրով փորձում է ներկայացնել տեսլական, որին այդպես էլ ոչ ոք չհավատաց, որ դարձավ հիմնականում ձեռառնոցու և հանրային հումորի ժայթքման պատճառ»,- ասաց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս