«Դե բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու». Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին

«Եթե չի բանակցում, ուրեմն գոյություն չունեն իր համար»,– այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ որպես այդպիսին գոյություն չունեն, տապալված են, ինչի համար մեղադրում է հայկական կողմին:

«Դե բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու իրականության մեջ: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերադառնալ բանակցություններին, և թե ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանն ասաց. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն  հաղթանակներ ենք ունենալու»:

Լրագրողի հարցին՝ տավուշյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են այդքան մարդու պարգևատրում, արդյո՞ք այդ 71 հոգու պարգևատրումն արդարացված էր, Տոնոյանը պատասխանեց, որ միանշանակ արդարացված էր:

Շնորհավորելով Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը՝ նախարարն ասաց.

«Մեր ժողովրդին մաղթում եմ ուժ և տոկունություն՝ հաղթահարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր և կանխատեսելի են, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետև մեր ցանկացածը, մեր կամեցածը միայն արդար է»:

Տեսանյութեր

Լրահոս