«Ես եթե պահանջեմ հրաժարական, այդ հրաժարականը պետք է տա». Էդմոն Մարուքյանը՝ վարչապետի հրաժարականի մասին

«Մենք այդ նախագծից տեղյակ չենք, կքննարկենք: Այնքան նախագիծ են բերում, մեկն ուզում է 27 տարին լրացած անձը 5  մլն դրամ վճարի և չծառայի, մեկը 10  մլն դրամ է ուզում, մյուսը՝ հոգեկան հիվանդները չընտրվեն, և այլն: Շատ ակտիվ պառլամենտ է, կնայենք, կքննարկենք»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությանը, ըստ որի՝ ներկայացնելու է նոր նախագիծ, որի համաձայն՝ հոգեկան հիվանդություններ ունեցող անձինք չպետք է զբաղեցնեն բարձր պաշտոններ:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ միանան ԲՀԿ-ին, «Հայրենիք» կուսակցությանը և ՀՅԴ-ին և պահանջեն Կառավարության հրաժարականը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ԼՀԿ-ն իր օրակարգն ունի, և երբ որոշեն պահանջել վարչապետի հրաժարականը, դա օդում չեն որոշելու՝ խորհրդարանում կնախաձեռնեն իմպիչմենտի գործընթաց:

«Մենք խորհրդարանական ուժ ենք, բան չենք ասում, որ օդում մնա: Բոլոր ուժերի օրակարգն էլ ես հարգում եմ, յուրաքանչյուրն իր օրակարգն ունի, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք խորհրդարանական ուժ լինելով հանդերձ՝ այն մեխանիզմներն ունենք, որից կարող ենք օգտվել: Հրաժարականի հարցը ես հիշում եմ Սերժ Սարգսյանի ժամանակից, երբ ուզում էին ընդդիմադիր ստուգել, ասում էին՝ Դուք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք, թե՞ ոչ: Ես եթե պահանջեմ հրաժարական, այդ հրաժարականը պետք է տա, հետևաբար՝ եթե չեմ պահանջում, դրա նախադրյալները չկան:

Պատկերացրեք, մեկը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ հրաժարական տվեց, ու Ռոմանոս Պետրոսյանին ընտրեցին վարչապետ, այդ մեկի ասածից ի՞նչ է փոխվելու: Որ բան են պահանջում… իշխանությունը վարչապետը չէ, իշխանությունն այս 88 հոգին է, որը որոշում է, թե ով պետք է դառնա վարչապետ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս