Մեծ Բրիտանիայում մեկնաբանել են դադարը AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումներում

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը պարտադիր չէ, որ հետքայլ նշանակի պատրաստուկի մշակման գործում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:

«Ակներեւ է, որ դա բարդ իրադրություն է այդ կոնկրետ պատվաստանյութի համար: Իրականում սա առաջին անգամը չէ, երբ նման բան է տեղի ունենում օքսֆորդյան պատվաստանյութի հետ: Դա ստանդարտ գործընթաց է կլնինիկական փորձարկումների ժամանակ, երբ հայտնաբերվում է այն, ինչը հարկավոր է վերլուծման ենթարկել»,-ասել է նախարարը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե փորձարկումների դադարեցումն արդյոք հետքայլ է պատրաստուկի մշակման գործում, նախարարն ասել է. «Պարտադիր չէ: Դա կախված է այն բանից, թե նրանք ինչ են հայտնաբերում, երբ հետազոտություն են անցկացնում»:

Նախարարը հավելել է, որ անցյալ անգամ, ամռանը, երբ փորձարկումները դադարեցվեցին, ամեն բան «ավարտվել էր առանց խնդիրների»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դադարեցվել են Մեծ Բրիտանիայից մասնակիցների մեկի մոտ հնարավոր անցանկալի արդյունքի պատճառով:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ AstraZeneca-ն մտադիր է արագացված կերպով վերլուծման ենթարկել այս դեպքը, որպեսզի նվազեցվի հնարավոր ազդեցությունը փորձարկումների անցկացման ժամկետի վրա: Ներկայացուցչի խոսքով՝ փորձարկումների դադարեցմումն անհրաժեշտ է նմանօրինակ դեպքերում: Թե որքան կտեւի կլինիկական փորձարկումների դադարեցումը, հայտնի չէ:

Սեպտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ AstraZeneca ընկերությունը պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դադարեցրել է նաեւ Ճապոնիայում: AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդի մասնագետների հետ միասին, օգոստոսին փորձարկումների երրորդ փուլին է անցել ԱՄՆ-ում: Ավելի վաղ AstraZeneca-ի փորձարկումներն սկսվել էին Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում եւ ՀԱՀ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս