Ինչպես հաղթահարել աղքատությունը. մի քանի խորհուրդ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

Վերջին երկու տարիների ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք հայտարարություններ բուռն քննարկումների արժանացան, դրանք թերևս կարող ենք բնութագրել հենց իր սիրելի բառով՝ «աննախադեպ»:

Այս աննախադեպ հայտարարությունները, թերևս, լուրջ մրցակցության մեջ կարող են մտնել միայն ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի հայտնի բուշիզմների հետ:

168.am-ը որոշեց առանձնացնել վարչապետի երկու տարիներին ամենաշատ քննարկված մի քանի հայտարարությունները՝ փաշինյանիզմները:

1. Այսպիսով, հենց երեկ քննարկումների հարթակում էր Նիկոլ Փաշինյանի՝ «մի շիշ արաղ պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ պակաս խմի, էդ փողը վճարի բյուջե» խորհուրդը Տավուշի մարզի բնակիչներին.

«Ասում են՝ բա կառավարությունը գույքահարկն ավելացրել ա. բա այդ գույքահարկը, առաջին հերթին, այս ճանապարհն է դառնալու, ձեր մանկապարտեզն է դառնալու,-   Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց,- Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ արաղ պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ պակաս խմի, էդ փողը վճարի բյուջե, որովհետև դա դառնալու է ճանապարհ։

Այդ գույքահարկը, որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու։ Ո՛չ, ձեր հոր տունն է մտնելու, ձեր հայրական տների ճանապարհն է այդ գույքահարկը, ձեր երեխեքի մանկապարտեզն է, դպրոցն է այդ գույքահարկը»:

Պարզվում է՝ բյուջեն լցնող հենց այդ մեկ մարդը դու ես, ՀՀ հպարտ քաղաքացի, իսկ պարգևավճարներն անէական ու չնչին են քո արածի համեմատ:

2. Նշենք, կրկին նույն մարզում՝ Իջևան քաղաքում, նորընտիր վարչապետը մեկ այլ օգտակար խորհուրդ էր տվել մարզի բնակիչներին՝ ոչխար պահելու՝ մինչ այդ երբեք չմտածված բիզնես խորհուրդը, որը շատերը զայրույթով ընդունեցին.

«Մարդիկ գալիս են և կառավարությանը դիմում են՝ ոտը-ձեռը տեղը՝ գալիս են-ասում են՝  բա, ես աշխատանք չունեմ՝ ասենք որևէ գյուղում։ Այսօր ՀՀ-ից ոչխարի մսի արտահանման անսահմանափակ հնարավորություն կա։ Ես բոլոր մեր այդ սիրելի հայրենակիցներին կոչ եմ անում՝ քանի կառավարությունը այդ խնդիրները չի լուծել համատարած, մի նստեք պարապ,  գնացեք՝ 10 գլուխ ոչխար էլ դուք պահեք, որովհետև մենք չենք ուզում՝ դուք մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք-ասենք՝ քվեարկեք մեր օգտին, թե չէ նպաստը կկտրենք»,- Իջևանում հայտարարել էր վարչապետը։

3. Աքատության մասին սա միակ թևավոր խոսքը չէր․ վարչապետն աղքատությունը վերացնելու ամենահեշտ ճանապարհը գտել էր արդեն մեկ տարի անց՝ մարդու աղքատությունը առաջին հերթին գլխում է:

Ըստ Փաշինյանի՝ աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, այլև՝ հոգեբանական և մտածողության: «Մարդու աղքատությունը առաջին հերթին էստեղ է (ցույց է տալիս գլուխը։- Զ.Դ․): Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, նա չի հաղթահարի, տար ամեն օր 1000 դոլար տուր….: Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, չի հաղթահարի»,- ասաց նա Ազգային ժողովում՝ ընթերցելով մի քանի հատված Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունից:

4. Արդեն Կոտայքի մարզում վարչապետը խոսեց նաև ռուսերենի և անգլերենի կարևորության մասին, առանց որոնց, ըստ նրա՝ մոշ աճեցնել չես կարող.

«Բացառված է, որ լավ մասնագետը Հայաստանում վատ ապրի»,- Կոտայքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գալիս են, ասում են՝ էրեխեն բարձրագույն կրթության դիպլոմով չի կարողանում գործ գտնել։ Ասում եմ՝ քանի՞ օտար լեզու գիտի։ Ասում են՝ ոչ մի։ Ասում եմ՝ ուրեմն ինքը չունի բարձրագույն կրթություն,  որովհետև ժամանակակից աշխարհում ունենալ բարձրագույն կրթություն և գոնե 2 օտար լեզու չիմանալ, նշանակում է՝ թերի, համալսարան գնացած-էկած լինել։

Էսօր, փաստորեն, առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, առանց ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, որովհետև ԵԱՏՄ շուկան է մեր ամենամեծ շուկան, դե պատկերացրեք՝ մարդը ռուսերեն չգիտի և ուզում է մոշ աճեցնել, չի կարող»,- նշել էր վարչապետը։

5. Բայց սա միակ պահանջը չէ նոր գյուղացուց. վարչապետը Արարատի մարզ այցելությունից հետո մեկ այլ կարևոր շեշտադրում էլ էր արել՝ գյուղացու բարեկեցությունը կախված է նաև նրա կոկիկ հագնվելուց:

6. Եվ վերջում՝ «350.000 մարդ աշխատում է և 800.000 մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց:

Այս 350.000 մարդը ճռռում է, 800․000 մարդ ուզում է ավելի շատ ճռռա»,- Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տնտեսության մեջ տիրող իրավիճակը պատկերավոր նկարագրել էր Փաշինյանը:

«Վե՛ր կացեք և աշխատե՛ք»,- ասել էր Փաշինյանը՝ Աստվածաշնչյան «վե՛ր կաց ու քայլի՛ր» -ի վստահությամբ, սակայն, ի տարբերություն Աստվածաշնչի՝ այստեղ հրաշք տեղի չունեցավ. վեր կենալն ու աշխատելն այդքան էլ հեշտ չէ, երբ երկրում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ կայուն անկումային:

Տեսանյութեր

Լրահոս