Բաժիններ՝

Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

Մհեր Սեդրակյանը, վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունները և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ: Վերոգրյալի հիման վրա ՀՀԿԱ ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի՝ 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:

Այնուհետև՝ 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա՝ կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում:

Մ.Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս