«Կցանկանայի, որ Հայկ Մարությանն այստեղ կերտեր փուչիկ վաճառողի կերպարը, մի 10 փուչիկ ձեռքը․․․». Թեհմինա Վարդանյանը՝ շրջիկ առևտրի մասին
Այսօր Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց մայրաքաղաքում շրջիկ առևտրով զբաղվողների համար: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հարկ համարեց ևս մեկ անգամ մանրամասնել, որ այս կարգավորումը վերաբերում է այգիներում, հրապարակներում, փողոցում փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողներին:
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ նրանք լուրջ տնտեսվարողներ չեն, բիզնեսմեններ չեն, օրվա երկու կոպեկ հացի փողն են վաստակում: Ես ուզում եմ հասկանալ, թե էլ ինչքա՞ն ենք մենք պարանը սեղմելու քաղաքացու վզին: Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ շրջածախ առևտրի իրականացման հայտը ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով: Դուք հիմա որ խոսում էիք, ինձ մոտ տպավորություն էր, որ Սինգապուրի մասին ենք խոսում, որ զարգացած երկրի, քաղաքի մասին ենք խոսում, մենք խոսում ենք Երևանի մասին, որտեղ մի պապիկ մետրոյում գրիչ կամ անձեռոցիկ է վաճառում: Այսինքն, ինքն էլ պետք է հարկվի, դա քիչ չէ՞»,- ասաց Վարդանյանը:
Նա ափսոսանք հայտնեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չէ նիստին:
«Կցանկանայի՝ էստեղ լիներ քաղաքապետ Հայկ Մարությանը, և քանի որ ինքը մեծ վարպետ է, մասնագետ է՝ կերպար կերտելու, կցանկանայի, որ այստեղ կերտեր փուչիկ վաճառողի կերպարը, մի 10 փուչիկ ձեռքը: Մի պահ պատկերացնենք՝ ո՞նց է մարդն աշխատելու՝ ձեռքին 10 փուչիկ, մյուս ձեռքին՝ ՀԴՄ սարքը, լիցենզիան, դրամապանակը… իրավունք չունի ձեռքի ապրանքը դնի գետնին, պատվանդան լինի: Ո՞նց եք պատկերացնում էդ աշխատանքը: Էլ ի՞նչ կարաք անեք, որ պարանը մարդկանց վզին սեղմեք, է՞լ ինչը կարող եք հարկել»,- ասաց ավագանու անդամը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը պատասխանեց, որ «պարանը վզին սեղմելու» նպատակ չունեն:
«Ավելի հեշտ կլիներ արգելել, բայց մենք գնում ենք կարգավորման ճանապարհով: Ոչ թե պարան ենք գցում մարդու վզին, այլ հնարավորություն ենք տալիս օրենքի դաշտում աշխատելու»,- ասաց Սաֆարյանը: