Բաժիններ՝

Սթափության և զգոնության կոչ. ԱՀ պարետը կրթական համակարգի աշխատակիցներին հորդորել է հետևողական լինել

Սեպտեմբերի 14-ից Արցախի ուսումնական հաստատությունները դառնալու են մեր երկրի հանրային ամենամեծ շփումների օջախը: Այս մասին սեպտեմբերի 7-ին կայացած մանկավարժական խորհրդակցության ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ԱՀ պարետ Ժիրայր Միրզոյանը:

Նրա խոսքով՝ համավարակի դեմ պայքարը բոլորի առաքելությունն է:

Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ Ժ. Միրզոյանը մասնավորապես ասել է. «Կրթական համակարգում պետք է դրսևորել հակահամաճարակային ամենապատասխանատու վարքագիծը: Դրա համար պետք է լինել խստապահանջ և հետևողական: Չնայած առողջապահական ոլորտի մասնագետները նշում են, որ երեխաները այն հիմանական սոցիալական խումբը չեն, բայց այդ փաստը չի նվազեցնում մեր մտահոգությունները: Երեխաներն ունեն ամենամեծ շփման շրջանակը: Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլորին, որպեսզի յուրաքանչյուր ուսուցիչ ունենա ամենաբարձր քաղաքացիական պատասխանատվություն, հանրային գիտակցում և տեղեկացված լինի համավարակի դեմն առնելու կանոններից ամբողջությամբ: Պարտավոր ենք արմատավորել աշակերտների մեջ, որպեսզի նրանք համավարակին համապատասխանող կանոններով ապրեն: Ցավոք սրտի, կատարած վերլուծություններից պարզ է դառնում, որ հանրության շրջանում դրսևորվում են համաճարակային վարքագծի և դաստիարակության թերացում: Այսօր կան մարդիկ, որ քարոզում են, թե իբր համավարակ չկա: Կրկին հորդորում եմ, որ նման քաղաքացիները անպատասխանատու վարքագիծ չդրսևորեն և հետևեն պարետի ցուցումներին»:

Ժ. Միրզոյանի խոսքով՝ աշակերտներին չեն պարտադրելու դասապրոցեսի ընթացքում դիմակ կրել, սակայն պարտադիր է լինելու սոցիալական հեռավորության պահպանումը, դասասենյակների և ձեռքերի ախտահանումը, աշակերտների և ուսուցիչների ջերմաչափումը: Պետք է նշել, որ բոլոր դպրոցները բավարարված են ախտահանիչ նյութերով և ունեն ջերմաչափեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս