Բաժիններ՝

Դատարանը կքննի Մալաքյան եղբայրների կալանավորման միջնորդությունը

ՃՈ ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության համար մեղադրվող ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ազատ են արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից` այն բանից հետո, երբ լրացել է նրանց ձերբակալության 72 ժամը: ֆուտբոլիստ եղբայրներն ազատ արձակվելուց լրագրողների հետ զրույցում նշեցին, որ շատ բան չեն կարող ասել դեպքի հետ կապված։

Նրանք շնորհակալություն հայտնեցին ֆուտբոլի ֆեդերացիայից և բոլոր այն անձանցից, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել։

Էդգար Մալաքյանը նշեց, որ քննությունը ցույց կտա, թե ովքեր են մեղավոր։

«Ինչ վերաբերում է դեպքին, դրա մասին ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ոնց ու ինչ է եղել։ Մեզ վրա են հետքերը, որոնց մասին կխոսենք հետո»։
Հարցին՝ արդյոք իրենք ոստիկաններին հարվածե՞լ են, Մալաքյաններն ասացին՝ ոչ։

Մալաքյաննների շահերի պաշտպան  Գոռ Միքայելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ սեպտեմբերի 3-ին դատարանը կքննի Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունը։

Պաշտպանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստների դեմքերին երևում են բռնության հետքեր։ Միքայելյանը նշել էր, որ մամուլում միակողմանի է ներկայացվում Կասկադում տեղի ունեցած դեպքը, և այն եղել է լրիվ այլ կերպ։

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևանի Կասկադում օգոստոսի 30-ին ժամը 23:15-ին երկու ֆուտբոլիստ եղբայների կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպք է արձանագրվել։

Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ  բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության չորս ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս