«Խցում գտնվող անձանցից հատկապես 2-ը՝ կոպիտ արտահայտություններով, ընդհուպ քաշքշելով ՔԿ ծառայողներին՝ սկսել են խոչընդոտել խուզարկության ընթացքը». ՔԿԾ աշխատակից
ՔԿԾ-ն՝ որպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին, իրավասու է իրականացնել օպերատիվ միջոցառումներ, կազմակերպել համապատասխան գործողություն:
«Ստացվում է համապատասխան տեղեկատվություն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ պատժախցում պահվում են արգելված իրեր: Սկզբում մեր՝ ՔԿԾ-ի օպերատիվ աշխատակիցները և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը, 3 հոգով, այցելել են նշված խուց, ներկայացրել են չնախատեսված խուզարկություն իրականացնելու անհրաժեշտության մասին պահանջը, առաջարկել հանձնել արգելված իրերը, եթե այդպիսիք կան»,- անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օգոստոսի 24-ին տեղի ունեցած դեպքերին, այսօրվա «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ՝ քրեական ենթամշակույթի միջոցո՞վ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Վարդան Հասրաթյանը: Խոսքը վերաբերում էր այսօրվա քննարկման ընթացքում հնչած կիրառված ուժի համաչափությանն ու այլ դիտարկումներին:
Ըստ նրա՝ միաժամանակ օպերատիվ աշխատակիցները տեսել են սեղանին դրված որոշակի իրեր, որոնք կասկած են հարուցել, որ դրանք կարող են լինել արգելված իրեր:
«ՔԿԾ աշխատակիցները մոտեցել են, փորձել են դրանք վերցնել, ինչից հետո խցում գտնվող անձանցից հատկապես 2-ը աղմուկ-աղաղակով, կոպիտ արտահայտություններով, ընդհուպ՝ քաշքշելով քրեակատարողական ծառայողներին՝ սկսել են խոչընդոտել խուզարկության ընթացքը: Մենք ունենք ենթադրություն, որ այդ ամենն արվել է, որ իրականում այնտեղ այդ պահին գտնվող արգելված իրերը հետագայում կարողանան պահել: Խոչընդոտել են խուզարկության ընթացքին, հնարավոր չի եղել շարունակել այն: Մի քանի անգամ մեր ծառայողները զգուշացրել են, ինչը արդյունք չի տվել»,- ասաց ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալը:
Վարդան Հասրաթյանի խոսքով՝ զգալով, որ իրավիճակը թեժանում է, ՔԿ ծառայողները դուրս են եկել խցից: Դրանից հետո ծառայողները կրկին փորձել են մուտք գործել պատժախուց, բացատրել նրանց գործողությունների անթույլատրելիության մասին, թույլ տալ շարունակել խուզարկությունը, և կրկին գոռալով, քաշքշելով՝ թույլ չեն տվել դա իրականացնել, ինչից հետո որոշվել է ներգրավել հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին, որոնց գործառույթը հենց նման դատապարտյալներին զսպելն է իրավաչափ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառմամբ:
Հարցին, թե ինչ հատուկ միջոցներ են կիրառվել, որովհետև տեղեկատվություն կա, որ էլեկտրաշոկ են օգտագործել, ՔԿԾ պաշտոնյան հստակ պատասխան չտվեց՝ նշելով միայն, որ նման դեպքերում կիրառվում են ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ:
ՔԿԾ պաշտոնյան հատուկ շեշտեց, որ կիրառված ուժը և հատուկ միջոցները եղել են համաչափ:
«Պետության որդեգրած քաղաքականությունն է՝ զրո հանդուրժողականություն քրեական ենթամշակույթի նկատմամբ: Մենք ամբողջ ծավալով, մեր գործիքակազմով, հնարավորություններով պայքարում ենք այդ ենթամշակույթի դեմ: Կոնկրետ այս դեպքում, այո, մենք ունեինք տեղեկատվություն, որ այդ անձինք քրեական ենթամշակույթի կրող են»,- ասաց Գրիգոր Հասրաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում