Չինաստանում Հնդկաստանին նախազգուշացրել են նոր սահմանային պատերազմի դեպքում լուրջ կորուստների մասին
The Global Times չինական թերթը սեպտեմբերի 1-ին նախազգուշացրել է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին զինված հակամարտության դեպքում հնդկական զորքերն ավելի լուրջ կորուստներ կկրեն, քան 1962 թվականի սահմանային պատերազմի ընթացքում։
«Եթե Հնդկաստանը ցանկանում է մրցակցել, ապա նա պետք է հաշվի առնի, որ Չինաստանն ավելի շատ գործիքներ եւ հնարավորություններ ունի, քան ինքը:
Եթե Հնդկաստանը ռազմական դիմակայություն ցանկանա, Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը (ՉԺԱԲ) անխուսափելիորեն կստիպի հնդկական բանակին անհամեմատ ավելի լուրջ կորուստներ կրել, քան դա եղել է 1962 թվականին»,-ասվում է թերթի խմբագրական հոդվածում:
Նախօրյակին՝ օգոստոսի 31-ին, Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չինացի զինվորականներին մեղադրել է Լադակհ-ի սահմանային շրջանում սադրիչ գործողությունների մեջ, որոնք, Դելիի կարծիքով, ուղղված են եղել տարածքի կարգավիճակը փոխելուն:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ «ՉԺԱԲ-ը օգոստոսի 29-ին սադրիչ տեղաշարժեր է կատարել ստատուս-քվոն փոխելու համար եւ խախտել է փոխհամաձայնությունը, որը ձեռք է բերվել դիվանագետների եւ զինվորականների հանդիպումների ժամանակ»:
Իր հերթին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը Հնդկաստանին վճռական բողոք է հայտարարել հնդիկ զինվորականների կողմից սահմանային գոտու հսկողության գիծը անօրինականորեն հատելու կապակցությամբ:
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ չինական կողմը Հնդկաստանից պահանջում է՝ դուրս բերել զորքերը, որոնք անօրինականորեն հատել են սահմանային հսկողության գիծը, եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրադրության հետագա սաստկացման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: