Բաժիններ՝

«Ստյաուա»-«Շիրակ»․ բարդ մրցակից հայկական թիմի համար

Մրցաշար-Եվրոպա լիգա

Վայր-«Ազգային մարզադաշտ», Բուխարեստ

Ժամ-23։30

«Ստյաուան» համարվում է այս հակամարտության ֆավորիտ, բայց հայկական ակումբը փորձելու է պայքարել մինչև վերջ։

«Ստյաուա»

Անցած մրցաշրջանում »Ստյաուան» չկարողացավ միանալ չեմպիոնական մրցավազքին. Անտոն Պետրիի թիմը առաջնության առաջին հատվածում մտավ լավագույն վեցյակի մեջ, բայց այստեղ էլ ավարտվեցին նրանց նվաճումները: Արդյունքում, թիմն ավարտեց առաջնությունը 5-րդ տեղում՝ 4-րդ «Կլուժին» զիջելով 18 միավոր:

Եվրոպա լիգայի ուղեգիր թիմը ձեռք բերեց Ռումինիայի գավաթի խաղարկության միջոցով․ եզրափակիչում «Ստյաուան» հաղթեց «Սեպսիին» 1:0 հաշվով: Նոր մրցաշրջանում  թիմն անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում, որտեղ 3:0 հաշվով առավելության է հասել «Աստրայի» նկատմամբ:

«Շիրակ»

«Շիրակը» նախորդ մրցաշրջանում առանձնահատուկ ոչինչ ցույց չտվեց. Աղվան Դավոյանի թիմը, որն այն ժամանակ մարզում էր Վարդան Բիչախչյանը,  չմասնակցեց չեմպիոնական մրցավազքին, և հասավ Եվրոպա լիգա ոչ առաջնության արդյունքներով: Ակումբը մրցաշարն ավարտեց աղյուսակի չորրորդ հորիզոնականում՝ մեկ միավորով զիջելով երրորդ «Ալաշկերտին», բայց կխաղա Եվրոպա լիգայի որակավորման փուլում` Հայաստանի գավաթում «Նոայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ:

Նոր մրցաշրջանի առաջին տուրում «Շիրակը» «Նոայի» հետ ոչ-ոքի խաղաց 2:2 հաշվով ՝ առանց հաղթանակների շարքը երկարաձգելով չորս հանդիպման:

«Շիրակն» այս մրցաշրջանից առաջ գրեթե ամբողջությամբ փոխել էր թիմը։ Գյումրին ներկայացնող թիմի զգալի մասը տեղափոխվել է «Արարատ»։ Սակայն, «Շիրակը» մեկնել է եվրոգավաթային հանդիպումներին մարտական կազմով: Եվրոպա լիգային ընդառաջ թիմին են միացել Վսեվոլոդ Երմակովը, Մառկո Պռլևիչը, Ուռոշ Նենադովիչը, Սոլոմոն Իմե Ուդոն, Հրայր Մկոյանը, Ժիրայր Մարգարյանը, Կարեն Մուրադյանը, Էդգար Մալաքյանը և Դավիթ Մանոյանը: Այս բոլոր ֆուտբոլիստները տեղափոխվել էին «Արարատ», բայց ժամանակավորապես վարձակալական հիմունքներով վերադարձել են «Շիրակ»։

«Ստյաուան» անցած մրցաշրջանն այնքան էլ հաջող չանցկացրեց, բայց միևնույն է՝ մեծ փորձ ունի միջազգային ասպարեզում։ Սակայն հայկական թիմերն արդեն ապացուցել են, որ «Ստյաուային» հաղթել հնարավոր է, այն էլ՝ մրցակցի հարկի տակ («Ստյաուա»-«Ալաշկերտ» 2։3, 01․08․19)

Չնայած փորձառու ֆուտբոլիստների վերադարձին, «Շիրակն» այժմ կառուցում է նոր և երիտասարդ թիմ, որը մեծ մոտիվացիա ունի հատկապես միջազգային հարթակում հաջողության հասնելու համար։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս