Հայաստանում ապրող եզդիների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ–ի առաջնահերթ ուշադրության ներքո է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։
Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է:
Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության օրերին «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» Պաշտպանի ուղեցույցը հրապարակվել է նաև եզդիերեն այն հիմնավորմամբ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան իրենց առնչվող հարցերին ծանոթանալ ազգային լեզվով։
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին ոլորտում իրականացվող աշխատանքների համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելուն առնչվող հարցեր։