Բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության նոր դեպք

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և«քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի» և «քրեական հեղինակության»քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ իրենց անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդիրներին վերաբերող վեճերը լուծելու համար քաղաքացիների կողմից դիմելու հերթական դեպքերը:

Ինչպես տեղեկացրին Գլխավոր դատախազությունից, բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 21-ին հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որտեղ ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են  «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, «քրեական հեղինակության» կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը, այդ խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձը և «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմած անձը:

Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրենից առերևույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը:

Այդ նպատակով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը վեճի լուծման գործընթացին մասնակից է դարձրել իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամնների և այդ խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձանց

Բացի այդ դեպքից, պարզվել է, որ «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, տեղեկանալով, որ գումար պարտք մնացած անձը, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից տեղափոխվել ու պահվում է, գումարային հարցի  վերաբերյալ առաջացածվեճը (խնդիրը) իր անօրինական ազդեցությունն օգտագործելով  լուծելու համարհանձնարարել է«քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձին՝ բաց թողնել գումարը պարտք մնացած անձին՝ հետագայում նշված խնդիրը (վեճը) անձամբ լուծելու նպատակով:Հանձնարարությունը «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից կատարվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաատրանի 2020թ. օգոստոսի 26-ի որոշմամբ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս