«Մենք հաղթել ենք այդ պատերազմում». Լևոն Մնացականյան
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմին, կասկածի տակ է դրել ոչ միայն պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը, այլև առհասարակ՝պատերազմի փաստը:
«Ընդհանրապես ես և այն ժամանակ, և հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, և տարածքներ ենք կորցրել: Դրանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձև են մտածում»,-ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Ապրիլյան քառօրյային առնչվող տարբեր քննարկումների շուրջ 168.am-ը զրուցել է Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
– Այս օրերին ներքաղաքական օրակարգ են նետվել Ապրիլյան պատերազմը կասկածի տակ դնող թեզեր, թե հայկական կողմն ապրիլյան պատերազմում չի հաղթել, որ իրականում այն պատերազմ չի եղել, այլ դիվերսիոն գործողություն: Ձեր գնահատմամբ, ի վերջո, Ապրիլյան քառօրյան պատերա՞զմ էր, թե՞ ոչ, մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ:
– Իհարկե, պատերազմ է եղել. ով կասկածի տակ է դնում, դա իր խնդիրն է: Դիվերսիոն գործողությունները ենթադրում են շատ սահմանափակ գործողություններ, իսկ այն, ինչ եղել է Ապրիլյանի ժամանակ, եղել է պատերազմ: Միայն այն, ինչ կիրառվել է, արդեն իրենից ենթադրում է, որ ընդհանրապես դիվերսիոն գործողությունների մասին խոսելն անիմաստ է: Դիվերսիոն գործողություններն անում են դիվերսիոն խմբերի միջոցով, որոնց կազմը կարող է տատանվել մինչև 15-16 մարդ:
Այդ թվով մարդկանցով դիվերսիոն գործողություն չի լինում. ամեն միջոց կիրառվել է, մինչև հարվածային անօդաչու թռչող սարք, հրետանի, և եղել են լայնածավալ ռազմական գործողություններ, և մասշտաբն էլ, աշխարհագրությունն էլ, միանգամից, տեսեք, քանի ուղղության վրա են հարձակվել, ասել՝ դիվերսիոն է՝ ճիշտ չէ:
Անգամ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել էր, որ Ապրիլյանում կիրառվել է իրենց զինված ուժերի մինչև 20 տոսկոսը. 20 տոկոսի կիրառումն արդեն ենթադրում է, որ դիվերսիոն գործողություններ չեն: Դրա մասին հակառակորդն է նշել:
Իհարկե, հաղթել ենք, ու իրականությունն էլ դա է: Հակառակորդը հարձակվել է, բայց այն նպատակներին, որոնք հակառակորդը դրել էր իր առջև՝ չի հասել: Այո, ցավալի է, որ որշակի կորուստ մենք ունեցել ենք, բայց մենք հաղթել ենք այդ պատերազմում:
– Այդ որոշակի կորուստների մասին վերջերս կոնկրետ թվային տվյալներով են նշում, ասում են՝ երկու տասնյակից ավելի դիրքերի կորուստ է կրել հայկական կողմը:
– Ես այդ հարցին պատասխանել եմ քննիչ հանձնաժողովում. թիվը չհնչեցնեմ, պարզապես ասեմ, որ այդ մտքի հետ համաձայն չեմ, արդեն վերլուծությունը ներկայացնելիս ավելի կոնկրետ երևալու է, բոլորը տեսնելու են:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունեն նման խոսակցությունները, արդյոք վտանգավոր չե՞ն հայկական կողմին պարտված ներկայացնելու միտումները: Չէ՞ որ մեզ պարտվող ներկայացնում է միայն ադրբեջանական քարոզչամեքենան:
– Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում, գուցե վարկաբեկել այն ժամանակվա բանակի ղեկավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց դա տեղին չեմ համարում: Դեռևս պատերազմն ավարտված չէ. տեղին չեն նման մեղադրանքները, որովհետև դրանք անիմաստ են: Ասողը երևի ավելի լավ կիմանա, թե ինչ նպատակներ է հետապնդում, համենայն դեպս՝ այն, ինչ ասվում է, իրականությանը չի համապատասխանում առհասարակ: