Բաժիններ՝

Խմելու օգուտը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունների նեղ կազմով հանդիպման ժամանակ Տ. Սարգսյանը հատուկ անդրադարձել է հայ-ռուսական տնտեսական կապերում արձանագրված աճին։

Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 23 տոկոսով և կազմել 880 մլն դոլար: Ռուսաստանից Հայաստան ներկրումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 17 տոկոսով՝ կազմելով 640 մլն դոլար: Վարչապետի խոսքով՝ հատուկ ուշադրության է արժանի ռուսական շուկա հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման աճը. 2012-ի առաջին ութ ամիսների ընթացքում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ այն աճել է 50 տոկոսով և կազմել 168 մլն դոլար: «Սա Հայաստանի առկա տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է», ասել է կառավարության ղեկավարը:

Իրոք, շատ յուրահատուկ մոտեցում է։ Նախ՝ մի պահ վերանանք աճի տեմպերից և համեմատենք բացարձակ մեծությունները։ Ռուսաստանից ներմուծում ենք 640 միլիոն դոլարի ապրանք (իսկ ըստ ԱՎԾ-ի՝ 649), արտահանում՝ 168 միլիոնի։ Այսինքն՝ ՌԴ-ից ներմուծման ծավալները շուրջ 4 անգամ գերազանցում են արտահանման ծավալներին։ Իրոք, շատ տպավորիչ և ամենակարևորը՝ «համարժեք» ծավալներ են։

Պակաս հատկանշական չէ նաև, թե ինչ ենք արտահանում ՌԴ, և ինչի հաշվին է գրանցվել այդ 50% աճը։ Մաքսային կոմիտեի տվյալներով (որոնք եռամսյակային են և օգոստոս ամիսը դեռ չեն ներառում)՝ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 121 միլիոն դոլար։  Այդ 121 միլիոնից 67.7 միլիոնը բաժին է ընկնում 2208 կոդով ապրանքանիշին։ Այն աճել է 29.5 դոլարով կամ 77.4%-ով։

2208 կոդը հետևյալ ապրանքախումբն է՝ «Էթիլային սպիրտ, չբնափոխած, <80 ծավ.% սպիրտի խտությամբ; սպիրտային թուրմ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք»։ Կարճ ասած՝ աճն ապահովվել է ոգելից խմիչքի շնորհիվ։

Այնպես որ, հանգիստ խղճով կարելի է խմել հայ-ռուսական տնտեսական համագործակցության կենացը. մանավանդ որ, խմիչքի պակաս չի զգացվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս