Լիբիայի ԱՀԿ-ն հայտարարել է երկրի ամբողջ տարածքում հրադադարի մասին
Լիբիայի Ազգային հաշտության կառավարությունը (ԱՀԿ) օգոստոսի 21-ին հայտարարել է հանրապետության տարածքում անհապաղ հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
«Համապարփակ հրադադարը թույլ կտա դադարեցնել օտարերկրյա ռազմական միջամտությունը (երկրի ներքին գործերին) եւ վերջ դնել վարձկանների ներկայությանը (Լիբիայի տարածքում)»,- մեջբերում է անում հեռուստաալիքն Ազգային հաշտության կառավարության հայտարարությունից: Տեքստում նշված է, որ հրադադարի ռեժիմի իրականացման համար անհրաժեշտ է ապառազմականացված գոտու ստեղծում Լիբիայի ռազմավարական տեսակետից կարեւոր քաղաքներ Սիրտում եւ Էլ Ջուֆրայում: ԱՀԿ-ն նաեւ հանրապետությունում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչ է արել հաջորդ տարվա մարտ ամսին:
Բացի դրանից, հայտարարության մեջ ասված է լիբիական նավթի արդյունահանումը եւ արտահանումը վերսկսելու անհրաժեշտության մասին: Ըստ որում հումքի վաճառքից եկամուտները պետք է փոխանցվեն արտասահմանյան բանկում Լիբիայի Նավթի ազգային կորպորացիայի (National Oil Corporation, NOC) հաշվին, նշված է փաստաթղթում:
Լիբիայում մի քանի տարի զուգահեռաբար գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի Ազգային հաշտության կառավարությունը Տրիպոլիում եւ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի ժամանակավոր կաբինետը երկրի արեւելքում, որը վայելում է Լիբիայի ազգային բանակի աջակցությունը: 2019 թվականի գարնանը Հաֆթարը հարձակում ծավալեց Տրիպոլիի վրա, ԱՀԿ-ն օգնության համար դիմեց Թուրքիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: