«Կա մի խավ, որը գերադասում է տպագիր մամուլը »

Ասում է Չեխիայում տպագրվող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով` այս օրերին Հայաստանում է գտնվում Չեխիայում հրատարակվող եվրոպական անկախ «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը: Նա` 1998 թվականից Չեխիայում բնակություն հաստատելով, տարվա մեջ 1-2 անգամ այցելում է Հայաստան, և տիրապետում է Հայաստանում կատարվող բոլոր իրադարձություններին: Բացի դա, մասնակցում է լրագրողական համաժողովներին և, մշտապես հետևելով տեղական լրահոսին` «Օրեր» ամսագրի շնորհիվ այդ տեղեկատվությունը տարածում է եվրոպական երկրներում: Տեղափոխվելով Պրահա` նա մեկ տարի ուսումնասիրել է եվրոպական, հայկական լրատվական դաշտը և պարզել է, որ արևելահայերեն որևէ պարբերաթերթ չկա:

– Կնոջս և որոշ համախոհների հետ որոշեցինք տպագրել հայերեն ամսագիր, որն այն ժամանակ մեծ արկածախնդրություն էր: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ հավանաբար կանխորոշված էր, որ այդպես պետք է լիներ: Սկսեցինք հրատարակությունն ու աստիճանաբար տարածեցինք եվրոպական այլ երկրներում՝ հիմնականում օգտագործելով եվրոպահայության նորաստեղծ կառույցները. այն ժամանակ` Եվրոպայի միությունների ֆորումը, Եվրոպայի հայկական համագումարը, հետագայում` Եվրոպայի հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղը, Հայ դատի գրասենյակը, և այլն: Այսինքն, քանի որ մենք անկախ ամսագիր էինք, բոլոր քաղաքական, համայնքային ուժերի հետ բաց համագործակցության մեջ մտանք, լուսաբանեցինք և՛ ներհամայնքային տարբեր տեսակի ձեռնարկներ, և՛ մեր ճամփորդությունների ընթացքում հատուկ համարներ նվիրեցինք այս կամ այն համայնքին: Լուսաբանել ենք և՛ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները, և՛ տնտեսական իրադարձությունները, և՛ սփյուռքի խնդիրները, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը:

– Դուք դրսից եք հետևում հայաստանյան ԶԼՄ-ների գործունեությանը. ի՞նչ տպավորություն ունեք, արդյո՞ք Հայաստանում հաստատվել է խոսքի ազատությունը:

– Եթե համեմատենք հարակից պետությունների հետ՝ Հայաստանում կա խոսքի ազատություն: Տպագիր մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում իսկապես կա խոսքի ազատություն: Միակ սահմանափակվածությունը, թերևս, զգացվում է հեռուստատեսային լրատվամիջոցներում, որոնք հավանաբար գտնվում են հսկողության տակ, դրա համար բացահայտ ազատ չեն: Մեկ ուրիշ բան էլ եմ նկատել. շատ ժամանակ այդ ազատությունը ոչ թե կախված է վերևներից եկող հրահանգներից, այլ լրագրողների, խմբագիրների ներքին սահմանափակվածությունից և ներքին հակասությունից, որովհետև մարդիկ չեն ուզում իրենց աշխատանքը կորցնել կամ այլևայլ գլխացավանքների մեջ մտնել:

Մյուս կողմից էլ` ասել, որ խոսքի ազատությունը սահմանափակված է` ճիշտ չէ: Սփյուռքում հնարավորություն ունենք դիտելու առնվազն հինգ արբանյակային հեռուստաընկերություն և հետևում ենք լրատվական ամբողջ դաշտին. կարող եմ ասել, որ համարձակվում են ամեն ինչ ասել: Մանավանդ սոցիալական ցանցերի ակտիվ գործունեությունից հետո պայքարել խոսքի ազատության դեմ` անիմաստ է, քանի որ դա ուղղակի վերահսկելն անհնար է:

– Սփյուռքն ինչպե՞ս է ընկալում մեր հեռուստատեսային արտադրանքը:

– Պատճառաբանվում է, որ հեռուստադաշտը մասնավոր դաշտ է՝ չհաշված հանրային հեռուստաընկերությունը, և իրենք ինչ ուզում` հաղորդում են, բայց հեռուստադաշտում, օրինակ՝ ոտնահարվում են երեխաների իրավունքները: Արդեն քանի անգամ մենք մասնակցում ենք աշխարհի և հայ լրագրողների, խմբագիրների համաժողովներին, ինքս բազմիցս բարձրացրել եմ արբանյակային հեռուստաընկերությունների որակի հարցը, մասնավորապես ահազանգել եմ այն մասին, որ մեր մանուկները դրսում նորմալ, մանկական հեռուստահաղորդումներ դիտելու հնարավորություններ չունեն: Անգամ մեր երկրի ղեկավարությանն առաջարկեցի գոնե «Հայրենիք» մանկական ալիքի լավ հաղորդումները նույնությամբ հեռարձակել և կոմերցիոն հարցերն իրենց մեջ լուծել: Իմ առաջարկին հավանություն տվեցին, բայց մի քանի ամիս անց կրկին վերադարձա Հայաստան ու իմացա, որ «Հայրենիք» ալիքն ընդհանրապես չկա: Շատ ցավալի է նաև այն, որ մենք չունենք հեռուստատեսային մի հաղորդում, որը կգովազդի նոր լույս տեսած գրքերը, որևէ ներկայացում կամ մի նկարչի ցուցահանդեսի բացում:

– Համաձա՞յն եք տարածված այն դիտարկման հետ, որ մեր հեռուստաալիքները սպառողին միայն սերիալային և զվարճալի նյութեր են մատուցում, մանավանդ, որ ինտելեկտուալ հաղորդումներն իսպառ բացակայում են:

– Ասում են՝ հեռուստաընկերությունները մասնավոր բիզնես են: Փակ շրջան է ստացվում, քանի որ մի կողմից` ասում են` դա մասնավոր բիզնես է, և սեփականատերն ինքն է որոշում` ինչ արտադրել, բայց մյուս կողմից` հեռարձակման արտոնագիրը շահած սեփականատերը որոշակի պարտավորություններ է ստանձնել: Բնականաբար, ինչ-որ ծրագիր է ներկայացրել, որը նպատակաուղղված է դաստիարակչական, քաղաքական, մշակութային, երաժշտական որոշակի չափանիշների, որի համար էլ հեռարձակման իրավունք է ստացել: Անդրադառնալով սերիալային խնդրին, որը շոշափվեց նաև խորհրդաժողովի ժամանակ, պետք է նշեմ, որ այդ խնդիրը կարծես ձայն բարբառո հանապատի լինի, որովհետև, եթե այդ հեռուստաընկերությունների ներկայացուցիչները ներկա չեն այդ քննարկումներին, և իրենք չեն լսում` սփյուռքն ինչ արձագանք ունի դրան, ապա ավելորդ է համարել, որ խնդիրը լուծում կստանա:

Ընդհանուր առմամբ, ինձ այսօր ոչ այնքան տպագիր մամուլի խնդիրներն են մտահոգում, որքան հեռուստատեսության: Ռադիոն բավականին հետաքրքիր ծրագրեր ունի, Հանրային ռադիոյով բավականին ազատ քննարկումներ են անում. խիստ գրաքննություն չեմ զգում: Էլ չեմ խոսում ինտերնետային սոցիալական ցանցերի մասին, որտեղ ով ինչ ուզում` գրում է, ում ուզում` հայհոյում է: Այլ հարց է, որ մասնավորապես տպագիր մամուլում երբեմն խախտում են էթիկայի կանոնները, որոնք սարսափելի են և օրինակ են ծառայում սկսնակ լրագրողների համար: Պատասխանատվության խնդիր կա. երբ դու կրում ես լրագրող անունը՝ պետք է այնպես անես, որ քո մասնագիտությանը չվնասես քո գործելակերպով, որովհետև, եթե մեկ անգամ վնասում ես՝ քեզ երբեք լուրջ չեն ընդունի: Էլ չեմ ասում, որ վարկաբեկված մասնագիտության կրողի պիտակ ես ձեռք բերում: Այս իմաստով բավականին լուրջ անելիք ունեն լրագրության կրթությամբ զբաղվող հաստատությունները և, իհարկե, խմբագրությունները, որոնք որոշակի սկզբունքներ և պահանջներ կներկայացնեն լրագրողների նկատմամբ: Դա շատ կարևոր խնդիր է, որովհետև հասարակական կարծիք է ձևավորվում, լրագրողի գրիչը հասարակության մեջ նաև դաստիարակչական նշանակություն ունի:

– Ովքե՞ր են Ձեր ամսագրի սպառողները:

– Հիմնականում եվրոպահայերը, Չեխիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի: Ամսագիրը գրեթե բոլոր Եվրոպական երկրներ գնում է: Պետք է նշեմ, որ եվրոպա գաղթած հայաստանցիները հայկական մամուլ բաժանորդագրվելու ավանդույթ չունեն: Նրանք ցանկանում են ամեն հայկական բան անվճար ունենալ, ու եթե նույնիսկ 1000 օրինակ ամսագրից անվճար դնես` մեկ րոպեում կտանեն, իսկ եթե մի կրոն դնես` երկար կմտածեն` արժե՞, թե՞ ոչ: Ներկայում ակտիվացնում ենք համացանցային մեր էջը:

– Այժմ լուրջ մտահոգություն կա, թե տպագիր մամուլը կորցնում է իր նշանակությունը: Լրատվական դաշտի մասնագետները կանխատեսում են թերթերի, այսպես ասած՝ «վախճանը»: Դուք համամի՞տ եք, որ ինտերնետը գրավեց նյութի փոխանցման ողջ տարածությունը:

– Ես համամիտ չեմ, որովհետև ճիշտ է՝ ընթերցողների թվաքանակի նվազում, անշուշտ, կլինի (և դա համաշխարհային միտում է, քանի որ անգլիական, ամերիկյան, այդ թվում՝ չեխական հայտնի պարբերականների տպաքանակները լրջորեն նվազել են), բայց կա ընթերցողների մի խավ, որն, այնուամենայնիվ, գերադասում է տպագիր մամուլը: Անգամ առողջական տեսակետից դու չես կարող 24 ժամ հետևել ինտերնետային լրահոսին կամ օրվա ցանկացած ժամին բազմոցին նստած համակարգչով կարդալ: Բացի դա, կա մի խավ, որը սիրում է շոշափել, ձեռքի մեջ զգալ, իր հետ վերցնել թերթը: Ես ընթերցողներ գիտեմ, ովքեր 10-12 տարվա արխիվ են իրենց տանը պահում և ժամանակ առ ժամանակ կարդում են:

– Ամեն տարի Հայաստան գալով` ի՞նչ փոփոխություն եք նկատում:

– Հայաստանի ոչ այնքան մայրաքաղաքի, որքան մարզային գոտիների մասին կարելի է շատ երկար խոսել: Ինքս Վանաձորից եմ և ամեն տարի պարտադիր մի 10 օրով գնում եմ այնտեղ: Այս տարվա իմ տպավորությունը շատ ավելի վատ էր: Ես նկատեցի, որ քաղաքը դատարկվել է: Մի քանի ժամանցի վայրեր, սրճարաններ կային, որոնք այս տարի փակված էին: Դա արդեն նշանակում է, որ մարդկանց որոշակի քանակ քաղաքից բացակայում է: Վանաձորն ինձ վրա շատ տխուր տպավորություն թողեց: Երևանով չեմ կարող Հայաստանի մասին դատել, որովհետև դա բացառություն է, այն էլ` միայն կենտրոնով: Անշուշտ, նաև լավ բաներ կան, և պետք չէ ասել, որ ամեն ինչ շատ վատ է: Հատկապես մշակութային ձեռնարկներ կան հետաքրքիր, կինոփառատոներ, թատերական փառատոներ, դասական երաժշտության համերգներ: Այսինքն՝ ասել, որ կյանքն ամբողջությամբ մեռած է, ճիշտ չէ: Պարզապես պետք է բաժանում կատարվի գլխավորի և երկրորդականի, ու, որպեսզի այդ ամենը զուտ խոսքերի և ծրագրերի մակարդակում չմնան` պետք է լուծվի գործազրկության հարցը: Դա նախ` արտագաղթի հիմնական պատճառն է, երկրորդն էլ` սոցիալական անհավասարությունը բազում խնդիրներ է ծնում:

Տեսանյութեր

Լրահոս