Ամերիկյան տիեզերական ուժերը կկարողանան հարձակողական գործողություններ իրականացնել
ԱՄՆ-ի տիեզերական ուժերն անհրաժեշտության դեպքում կկարողանան հարձակողական գործողություններ իրականացնել եւ գրոհել երկրի եւ կիբեռտարածության մեջ գտնվող օբյեկտների վրա: Այդ մասին ասվում է Միացյալ Նահանգների այդ նոր տեսակի զինված ուժերի դոկտրինայում:
«Տիեզերական հզորություն» (Spacepower) անվանումը կրող փաստաթղթում բացատրվում է, թե ինչով է զբաղվելու զինված ուժերի տիեզերական ստորաբաժանումը, եւ շարադրվում է, թե ինչու է ԱՄՆ-ը տիեզերքը համարում ռազմական գործողությունների իրականացման ոլորտ: Դոկտրինայում ռազմական գործողությունները տիեզերքում դիտարկվում են որպես մարտական գործողությունների անցկացման առանձին բնագավառ, այլ ոչ թե որպես զորքերի այլ տեսակների իրավասության ոլորտ: Հարձակողական գործողությունները, դոկտրինայի համաձայն, կարող են անցկացվել, «երբ դա արդարացված է». մասնավորապես, հակառակորդին դիմակայելու համար, որը մտադրվել Է մուտքի թույլտվություն ստանալ տիեզերական ոլորտ կամ այն օգտագործել ի շահ իրեն:
Հարձակողական գործողությունները, ինչպես նշվում է, «կարեւոր նշանակություն ունեն տիեզերքում գերակշռություն ձեռք բերելու համար»: «Հարձակողական գործողությունները նպատակաուղղված են հակառակորդի տիեզերական հնարավորություններին եւ հակատիեզերական պաշտպանության համակարգին, բոլոր ոլորտներում թշնամու ուժերի արդյունավետության եւ մահաբեր լինելու նվազմանը: Հարձակողական գործողությունները նպատակաուղղված են գերակշռության ձեռք բերմանը եւ թշնամու տիեզերական առաքելությունների չեզոքացման հնարավորություններին»,- ասվում է փաստաթղթում:
ԱՄՆ-ի տիեզերական ուժերն ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: ԱՄՆ-ի տիեզերական ուժերի հրամանատարության հրամանատարը 2020 թվականի հունվարին նշանակվել Է Ջոն Ռեյմոնդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: