ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները օգոստոսի 6-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Նուբարաշեն):
Այցի ընթացքում ստուգվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին, կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները․
- նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից արձանագրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում, պացիենտների և բուժանձնակազմի միջև չի պահպանվում սոցիալական հեռավորություն, աշխատակիցների կողմից չեն պահպանվում դիմակ կրելու սահմանված կանոնները և այլն,
- Կենտրոն ընդունվող պացիենտների նկատմամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով 14 օրյա մեկուսացում չի իրականացվում,
- ձեռքերի ախտահանման միջոցները և աղբամանները գտնվում են միայն բաժանմունքների մուտքի մոտ և հասանելի չեն պացինետներին, նրանք այցի ընթացքում դիմակ չեն կրել,
- Կենտրոնը գերբեռնված է, պացիենտներն ապահովված չեն բավարար անձնական տարածությամբ, ինչը կարող է խնդրահարույց լինել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տեսանկյունից,
- բաժանմունքները, ներառյալ՝ հիվանդասենյակները, լոգարանները, ճաշասրահները և խոհանոցներն ունեն լուրջ վերանորոգման կարիք. այս խնդիրը բարձրացվում է տևական ժամանակ,
- զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպումը երբեմն իրականացվում է հիվանդասենյակներում մյուս պացիենտների ներկայությամբ և այլն,
- պացիենտներից ոմանք հնարավորություն չունեն ստանալ իրենց կենսաթոշակը կազմակերպական տարբեր խնդիրների պատճառով,
- պացիենտերի հագուստը հիմնականում չի անհատականացվում և լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,
- պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը,
- արձանագրվել են սննդից հրաժարվող անձանց հացադուլի վարման և նրանց հարկադիր կերակրման խնդիրներ,
- արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,
- առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցներն են,
- դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 407 պացիենտ:
Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝
- նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից հոգեբուժական կազմակերպությունն ապահովված է եղել բավարար անհատական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով,
- բաժանմունքներում տեղադրվել են տաքսոֆոններ,
- նախորդ այցից հետո համալրվել են նյարդաբանի և թերապևտի հաստիքները,
- Կենտրոնում ներդրվել է ինտերնետ հաղորդակցության ներքին ցանց,
- Կենտրոնում փաստաթղթաշրջանառությունը և մատենավարությունը հիմնականում թվայնացվել են,
- մշակվել են տարբեր ներքին կանոնակարգեր:
Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:
Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները և առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ:
Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են կազմակերպության տնօրինության հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Մշտադիտարկման այցի ընթացքում Կենտրոնի տնօրինությունը և անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ, վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: