ՌԴ-ում ոստիկանները զենքի սպառնալիքով հայկական համարանիշով մեքենայի վարորդին ու նրա երեխաներին հորդորել են մեքենայից դուրս գալ

Ռուսաստանում շարունակում են բռնել, կալանքի տակ պահել և ստիպել մաքսազերծել հայկական համարանիշով մեքենաները, ինչը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր տարածքի հիմնարար գաղափարին:

«Օր օրի վիճակը վատանում է: Այսօր էլի Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Չելյաբինսկում մեքենաները կանգնեցնում են ու առգրավում: Նույն ղազախական սցենարն է: Եթե մտել ես Մաքսային միություն, էլ ի՞նչ մաքսազերծում: Մաքսային միության անդամ լինելու իմաստն էլ ո՞րն է, եթե քո ժողովրդի ապրանքը չեն տանելու: Բազում  տեսանյութերի շարքում նաև մեկը կա, որտեղ ոստիկանները զենքի սպառնալիքով վարորդին  ու նրա երեխաներին հորդորել են մեքենայից դուրս գալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

Նշենք, որ ՀՀ պետհամարանիշով մեքենաների շուրջ ստեղծված խնդրին անդրադարձել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը, իմ կարծիքով՝ հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին: Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի: Հ.Գ. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրավոր պատասխանը խնդրի կարգավորման վերաբերյալ ստանալուն պես կհրապարակեմ»,- ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցություն տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունից աջակցություն են ակնկալում նաև ռուս գնորդները, ովքեր նշում են, որ ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք կարծես թե չի լսում իրենց ձայնը, ուստի որոշել են դիմել ՀՀ վարչապետին:

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիները, ովքեր որ ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա  շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները  հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված է տեսաուղերձում:

 

Տեսանյութեր

Լրահոս