«Որևէ արտաքին խաղացող նման անփույթ գործողություն չէր կարող իրականացնել՝ ամենաիրատեսական վարկածը Լիբանանի իշխանությունների ներկայացրածն է». Արաբագետ

Երեկ երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով նավահանգստի շրջակայքը վերածվել է ավերակների։ Գրանցվել է 100-ից ավելի զոհ և ավելի քան 4000 վիրավոր, կան նաև անհետ կորածներ, որոնց թիվը դեռևս ստույգ հայտնի չէ:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը 168.am–ին փոխանցել էր, որ այս ժամի դրությամբ զոհվածների մեջ կա 11 հայ։

168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով Բեյրութի պայթյունին՝ նշեց, որ հաշվի առնելով դրա ահռելի հետևանքները, գրեթե համոզված է, որ պայթյունին որևէ արտաքին միջամտություն չի կարող լինել։

«Սա ահռելի հումանիտար հետևանքներ արձանագրած պայթյուն է։ Ակնհայտ է, որ սա չի կարող լինել ռազմական գործողության հետևանք, քանի որ նման գործողության ուղղակի հետևանք կարող է լինել նաև Լիբանանի կողմից պատերազմի հայտարարումը։ Որևէ արտաքին խաղացող նման անփույթ գործողություն չէր կարող իրականացնել, որի հետևանքով կարող էին մահանալ 100-ից ավելի խաղաղ բնակիչներ, մի քանի հազար վիրավորներ և նման մասշտաբի նյութական վնասներ։ Հետևաբար՝  պայթյունի պատճառի ամենաիրատեսական վարկածը Լիբանանի իշխանությունների ներկայացրածն է, որ պայթյունը տեղի է ունեցել նախ՝ էլեկտրականության խափանման հետևանքով առաջացած հրդեհից, որն էլ տարածվել է Լիբանանի նավահանգստում եղած պահեստներում։ Այնտեղ  տեղակայված է տարիներ շարունակ առգրավված  մեծածավալ նիտրատների պահեստը»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այդ պայթյունի պատճառն այն նույն տրամաբանության մեջ է, որում այսօր հայտնվել է Լիբանանի Հանրապետությունը։ Այսինքն՝ կարևոր է հասկանալ, որ համակարգային ճգնաժամը, որն առկա է այդ երկրի կառավարման համակարգում, և այն հանցավոր անփութությունը, որը տարիներ շարունակ տարածված է եղել այնտեղ, այսօր երկիրը հասցրել է նման խորքային ճգնաժամի, ինչը որոշակի դրսևորում է արձանագրում նաև նման հարթությունում։

«Պահեստում պահվել է ահռելի քանակությամբ պայթուցիկ նյութեր, և որևէ լուրջ հետազոտություն, ուսումնասիրություն չեն իրականացրել, որպեսզի հետագայում բացառեին նման զարգացում։ Սա այդ երկրի ընդհանուր համակարգային անփութության հերթական դրսևորումն էր, որն ունեցավ նաև նման ահռելի հումանիտար, տնտեսական կորուստներ»,- հավելեց արաբագետը։

Հարցին՝ այս ամենը կարո՞ղ է Լիբանանում բերել իշխանափոխության, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ Լիբանանում ներկայիս ակտիվ ընդդիմությունը  նախկինում եղել է իշխանություն, և այսօրվա խնդիրները եղել են նաև նրանց օրոք։ Հետևաբար, որքանով մեղավոր են ներկայիս իշխանությունները, նույնքան էլ մեղավոր են նախկինները։

«Պայթյունի հետևանքով ավելի  սրացած, քաղաքական,  սոցիալ-տնտեսական խնդիրները կարող են վերաճել ընդդիմություն-իշխանություն հակամարտության նոր փուլի։ Անշուշտ, նման զարգացում կանխատեսելի է։ Միանշանակ է նաև, որ այս պայթյունի հետևանքով ավելի է սրվելու առանց այն էլ բավականաչափ լարված ներքաղաքական իրավիճակը, որտեղ անգամ կորոնավիրուսի համավարակի շրջանում պարբերական սրացումներ էր ստանում նաև բողոքի, անկարգությունների տեսքով»,- շեշտեց նա։

Հաջորդ հարցին՝ հայտարարություն էր տարածվել, որ պայթյունի հետևանքով մեծ է վտանգը, որ կարող է վտանգավոր քիմիական նյութեր լինեն օդում, հետևաբար՝ բնակչությանը կոչ էր արվել լքել քաղաքը, արդյո՞ք մինչև այժմ կա տվյալ, թե քանիսն են թողել Բեյրութը, և նրանց թվում կա՞ն հայեր, Արմեն Պետրոսյանը պատասխանեց.

«Համավարակի հետ կապված օդային թռիչքները բավականին խնդրահարույց են դարձել, հետևաբար՝ այսօր այդքան էլ հեշտ չէ փոխադրումներ իրականացնելը։ Տեղեկացված եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը, դեսպանատունը, նաև համայնքային կառույցները համագործակցությամբ աշխատում են և հատկապես վտանգավոր գոտում հայտնված մեր հայրենակիցների համար կգտնեն անհրաժեշտ լուծումներ։ Կարևոր է, որ  գործարկվել է մեխանիզմ, և հուսանք, որ այն առավելագույն արդյունավետությամբ կգործի»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս