Հրազդանում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակիչը, ունենալով ֆինանսական խնդիրներ, նախապես իմանալով, որ 66-ամյա համաքաղաքացին զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ և առավոտյան տանից դուրս գալիս՝ իր մոտ ունենում է գումար, ավազակությամբ գումար հափշտակելու նպատակով, 2019թ. նոյեմբերի 26-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում հարձակվել է վերջինիս վրա, որի ընթացքում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ գտնվող դանակով 6 հարված է հասցրել 66-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, 19-ամյա երիտասարդը կատարել է սուտ մատնություն, մասնավորապես՝ գիտակցելով որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին մեղադրել է վերը նշված առանձնապես ծանր հանցագործության մեջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: