Այա-Սոֆյայում 86 տարվա ընթացքում առաջին անգամ նամազ են կատարել Ղուրբան- բայրամիի կապակցությամբ
Հուլիսի 31-ին ամբողջ Թուրքիայից հազարավոր մուսուլմաններ 86 տարվա ընթացքում առաջին անգամ առավոտյան նամազի են այցելել Այա-Սոֆյայի մզկիթ՝ Ղուրբան-բայրամիի (արաբական ավանդույթով՝ Իդ-ալ-Ադհա) զոհաբերության տոնի կապակցությամբ:
Այդ մասին հուլիսի 31-ին հաղորդել է «Սաբահ» թուրքական թերթը: Մզկիթում նամազն անցկացրել է Թուրքիայի կրոնների գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը:
Աղոթքին միացել են Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Ղարաիսմայիլօղլուն, Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան եւ Ստամբուլի նահանգի Ֆաթիհի շրջանի ղեկավար Մեհմեթ Էրգյուն Թուրանը:
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր ստորագրեց Ստամբուլի Սուրբ Սոֆյայի թանգարանին մզկիթի կարգավիճակ տալու վերաբերյալ: Երկու շաբաթ անց մզկիթում կայացավ 86 տարվա ընթացքում առաջին մուսուլմանական աղոթքը, որին մասնակցել է մոտավորապես 350 հազար մարդ, այդ թվում նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի որոշմամբ:
1985 թվականից տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: «Սաբահ»-ը հիշեցնում է, որ հուլիսի 31-ին մուսուլմաններն սկսում են Ղուրբան-բայրամիի չորսօրյա տոնակատարությունը՝ զոհաբերության տոնը, որը նշանավորում է հաջի ավարտը:
Այդ տոնի ժամանակ մուսուլմանները զոհ են մատուցում անասուն, հատկապես ոչխարներ, այծեր, կովեր կամ ուղտեր՝ ի հիշատակ Իբրահիմ մարգարեի՝ իր որդուն՝ Իսմայիլին, Ալլահի պատվիրանով զոհաբերելու պատրաստակամության: Ղուրբան-բայրամիի ժամանակ մուսուլմանները միմյանց նվերներ են տալիս, ինչպես նաեւ կերակուրը կիսում ընտանիքի, բարեկամների եւ չքավոր մարդկանց հետ:
Զոհ մատուցված կենդանու միսը սովորաբար բաժանում են երեք մասի՝ մի մասը նախատեսված է ընտանիքի համար, երկրորդը՝ ազգականների, երրորդը տալիս են կարիքավորներին: Մուսուլմաններն այդ տոնի ժամանակ նաեւ նվիրատվություններ են անում բարեգործական կազմակերպություններին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: