«Ավիափոխադրումները չեն վերականգնվի մինչև տուրիստական սեզոնի ավարտը». Նիկոլ Փաշինյան

«Ցավոք, հիմա մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրողները սովորական ռեժիմով չեն վերականգնվի։ Սա նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, ովքեր մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի, սա մի կողմից՝ հնարավորություն է, որպեսզի ազգաբնակչությունն իր հայրենագիտական գիտելիքները մեծացնի, սակայն մյուս կողմից էլ՝ կարծում է, որ այս ընթացքում տեսչական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առողջարաններում, հանգստյան տներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

«Որքան էլ մեզ դիսկոմֆորտ ու տհաճություն են պատճառում ոստիկանության ավելի խիստ գործողությունները, այդուհանդերձ այս իրավիճակը նաև կապված է նրանց գործողությունների հետ։ Մենք պետք է շարունակենք նույնպիսի խստությամբ հետևել կանոններին, որովհետև մենք հիմա ձևակերպում ենք խնդիր, որ համաճարակը՝ որպես օրակարգի հարց, դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից։ Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չլինեն ՀՀ-ում, սա նշանակում է, որ նման դեպքերն այն աստիճանի և մակարդակի վրա լինեն, որ մենք դա առնվազն առողջապահական առումով չհամարենք ճգնաժամ։ Հետևաբար՝ մենք այդ շանսը և հնարավորությունը ռեալ ունենք։ Որքանո՞վ կիրացնենք այդ շանսը՝ կապված է և պետական մարմիններից, և յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության մակարդակից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ կանոնների պահպանմամբ և քաղաքացիների պատասխանատվության արդյունքում սեպտեմբերին կարձանագրեն ճգնաժամի ավարտը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս