ՀՀԿ-ին կհեռացնե՞ն ԵԺԿ-ից
Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին քննարկումներում Հայաստանի իշխանական շրջանակների ներկայացուցիչները կրկնում են, որ այդ՝ դեռևս գոյություն չունեցող կառույցին մեր երկրի անդամակցությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել եվրոպական ինտեգրացիային, արևմտյան գործընկերների հետ հարաբերություններին: Այդպիսով, նրանք, իրենց կարծիքով, պատասխանում են այն մտահոգություններին, որոնց Եվրասիական միությանն անդամակցությունը խաչ կքաշի Հայաստանի եվրոինտեգրման հնարավորությունների վրա:
Մեր իշխանական գործիչների մեծ մասն այդպես է մտածում ոչ թե սեփական վերլուծությունների, համոզմունքների պատճառով, այլ՝ որովհետև այդպես ասել են ռուսները՝ հայտարարելով, որ Եվրասիական միությունն ուղղված չէ որևէ այլ միավորի դեմ: Նրանք, բնականաբար, չէին կարող հայտարարել, որ Եվրասիական միությունն ուղղված է լինելու, ասենք, Եվրամիության կամ որևէ արևմտյան կազմակերպության դեմ: Ռուսներն ասել են, որ ուղղված չէ, մերոնք էլ կրկնում են:
Ռուսները` ռուսներ, բայց Հայաստանի իշխող վերնախավի, մասնավորապես` հանրապետականների համար այս տարվա սկզբից հեղինակություն են դարձել նաև եվրոպացիները, մասնավորապես՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որին ՀՀԿ-ն անդամակցել է ՕԵԿ-ի ու «Ժառանգության» հետ միասին: Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն այնքան հեղինակավոր է դարձել հանրապետականների համար, որ նրանց համագումարում այդ կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը հատուկ ուղերձ է հղում: Իհարկե, տեսաձայնագրված, բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ Մարթենսը, փաստորեն, արդեն մեր հանրապետականների «եվրոպական շեֆն» է: Եվ ահա նույն ԵԺԿ նախագահը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հայտարարություն է արել՝ ասելով, թե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը միանալու նպատակների վերաբերյալ, համարում է անիրագործելի։
««Վրացական երազանքը» կարծում է, որ կարող է համատեղել ՆԱՏՕ-ին ինտեգրվելը և Ռուսաստանի հետ համագործակցությունը, հարց է առաջանում, թե որքանո՞վ է դա հնարավոր։ Վախենում եմ, որ Վրաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, եթե սերտ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Վրաստանի համար դա կլինի ոչ թե ճանապարհ դեպի ապագա, այլ՝ դեպի անցյալ»,- ասել է Մարթենսը։
Հայաստանն, իհարկե, ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարություն չի արել, և համեմատությունն այս դեպքում ուղղակի չէ: Սակայն եվրոպացիների տեսանկյունից Եվրասիական միությունն ընկալվում է գրեթե այնպես, ինչպես ռուսների կողմից՝ ՆԱՏՕ-ն: Տվյալ դեպքում, խնդիրը եվրոպացիների մոտեցումն է, որը կարելի է ընդհանրացնել նաև Հայաստանի առնչությամբ: Ընդ որում, բացառված չէ, որ նույն Մարթենսն անձամբ նույնաբովանդակ հայտարարություն անի, եթե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարն ավելի առարկայական դառնա:
Հետաքրքիր է՝ այդ դեպքում ո՞ւմ են նախընտրելու մեր իշխանությունները, ԵԺԿ-ի՞ն, որին անդամակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացվում էր՝ որպես Հանրապետական կուսակցության մեծագույն ձեռքբերում, թե՞ ռուսներին, որոնց հետ մեր իշխանություններն օրգանական կապվածություն ու կախվածություն ունեն: Բնականաբար, ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Անգամ, եթե դրա արդյունքում ՀՀԿ-ին հեռացնեն ԵԺԿ-ից: