Բաժիններ՝

Տղա ջան, բա դու պետական գնումներից մաս-մուս չունե՞ս

Վերջին շրջանում տնտեսական անցուդարձը լուսաբանելիս՝ այնպես է ստացվում, որ դիմում ենք անեկդոտի ժանրի օգնությանը։ Այս անգամ էլ մի հին, բայց կրկին տեղին անեկդոտ հիշեցինք։ Ուրեմն, մեկը կնոջ հետ գնացքով տեղ է գնում։ Կուպեում, նրանցից բացի, նստած է ևս մի տղամարդ։ Գնացքը մտնում է թունել, և կուպեում կատարյալ մթություն է տիրում, որը տևում է ամբողջ 10 րոպե։ Երբ թունելից դուրս են գալիս, ամուսինը կնոջն ասում է՝ որ իմանայի էսքան երկար կտևեր, քեզ մի հատ «կպաչեի»։ Կինն էլ թե. «Յա, խի էդ դու չէի՞ր…»։

Որքան էլ տարօրինակ թվա, իշխանական միջին օղակների շատ պաշտոնյաներ այսօր հայտնվել են այս կնոջ վիճակում… նախագահ Սերժ Սարգսյանի, հետո նաև՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին խորհրդակցություններից ու դրանց հաջորդած իրադարձություններից հետո։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում միջին տրամաչափի ոչ մի չինովնիկ համարձակություն չունի ինքնագլուխ մեծ գումարներ գրպանել։ Սա ակնհայտ դարձավ մանավանդ Վազգեն Խաչիկյանի դեպքից հետո։ Մյուս կողմից՝ ոչ ոք չի հավատա, որ միջին կալիբրի չինովնիկն ապրում է զուտ աշխատավարձով՝ առանց կողմնակի եկամուտների։ Դա, ի դեպ, նոր երևույթ չի, և կողքից փող ունենալու «բարի ավանդույթը» մեզանում ընդունված է շատ վաղուց։ Իսկ վերջերս, երբ կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը 72500 դրամ դարձնելու՝ Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ հիմնավորելով, որ պետությունն այդքան գումար չունի, ապա շատերը դա ընկալեցին որպես ավանդույթի շարունակություն՝ այս պահին փող չկա, գլուխներդ ինքնուրույն պահեք։

Այսինքն՝ երկար տարիներ գործում է լուռ համաձայնություն՝ ուտել չափավոր և անմասն չթողնել վերևներին։ Վերևին տալն էլ ոչ թե մեծահոգության դրսևորում է, այլ յուրահատուկ ապահովագրություն, որ իրենց ձեռք չեն տա։ Դրա համար էլ նախկինում, երբ իշխանությունները ոչ պակաս ոգևորությամբ խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իրական հասցեատերերը ծափահարում էին ու ներքուստ հրճվում՝ վստահ լինելով, որ դա ասվում է զուտ ասվելու համար։

Իսկ հիմա, երբ արդեն մի քանի կոնկրետ քայլ կատարվեց՝ ձերբակալությունների ու պաշտոնանկությունների տեսքով, մարդիկ արդեն սկսել են անհանգստանալ ու մտածել՝ յա՞, բա մենք ո՞ւմ էինք փող տալիս այսքան ժամանակ։

Ի դեպ, այդ նույն անհանգստացողների անհանգստությունը մասնակի է։ Նրանք, միևնույն է, դեռ ամբողջությամբ չեն հավատում, որ պետության ղեկավարները վճռականորեն որոշել են երկիրը կարգի բերել։ Նրանք մտածում են, որ դա արվում է ընտրությունների համար։ Պարզ ասած՝ համարում են, որ այս ամենը «թոզփչոցի» է։ Ու անհանգստանում են, որ իրենք, կոնկրետ իրենք, հանկարծ «դրբի տակ» չընկնեն։ Այսինքն՝ ոչ թե մտածում են փող գրպանողների «ազնիվ ցեղի» վերացման, այլ կոնկրետ իրենց անձի մասին։ Ու հույս են փայփայում, որ կպլստան. բավական է դիմանալ մինչև ընտրություններ։ Եթե պետք լինի՝ կփորեն նաև իրենց ամեն օրվա սեղանակիցների ու գործընկերների ոտքի տակը՝ ջրի երեսին մնալու համար։

Իսկ ամենացավալին այն է, որ մեծ մասը մնալու է ջրի երեսին։ Համենայնդեպս, այդպես է եղել մինչև հիմա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս