Բուլղարիայի խորհրդարանն ընդունեց երկրի կառավարության հինգ նախարարների պաշտոնաթողությունը
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) հուլիսի 24-ին ընդունեց ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովի, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովի, էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովի, առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւի եւ զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովայի պաշտոնաթողությունը: Ձայների մեծամասնությամբ՝ 116 «կողմ» եւ 89 «դեմ», խորհրդարանականները ներքգործնախարարության ղեկավարի պաշտոնում ընտրել են Խրիստո Տերզիյսկուն, էկոնոմիկայի նախարար՝ Լիչեզար Բորիսովին, ֆինանսների նախարար՝ Կիրիլ Անանիեւին, առողջապահության նախարար՝ Կոստադին Անգելովին, զբոսաշրջության նախարար՝ փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային:
Կառավարությունում փոփոխությունները հուլիսի 23-ին առաջարկել է վարչապետ Բոյկո Բորիսովը՝ կոալիցիոն խորհրդի նիստից հետո: Կառավարության ղեկավարն ինքը խորհրդարանի նիստին ներկա չի եղել: Նախարարների պաշտոնաթողության որոշումն ընդունվել է բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք արդեն երկու շաբաթ շարունակվում են Բուլղարիայում: Բողոքավորնեը պահանջում են երկրի կառավարության եւ գլխավոր դատախազի հրաժարականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: