«Այն ընդամենը ի ցույց դրեց վաղվա օրվա հանդեպ ամեն ինչ զրոյից սկսող իշխանությունների ունեցած տեսլականի սնանկությունը»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական,հանրային գործընթացները ոչ թե սխալ քաղաքականության, այլ ընդհանրապես քաղաքականության բացակայության հետևանք են:
Հայաստանում այսօր ձևավորված քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում կա մի ընդհանուր օրինաչափություն․ այն է, համընդհանուր անորոշություն։ Եվ դրա միակ պատճառն ամենևին էլ համավարակը և դրանով պայմանավորված իրավիճակը չէ։ Այն ընդամենը ի ցույց դրեց վաղվա օրվա հանդեպ ամեն ինչ զրոյից սկսող իշխանությունների ունեցած տեսլականի սնանկությունը։ Տարերային, հախուռն և պրոֆեսիոնալ տեսանկյունից չհիմնավորված գործողությունների արդյունքում այսօր արդեն իսկ ակնկհայտ է, որ պարտվել ենք թե հակահամաճարակային պայքարում, և թե տնտեսական ոլորտում։ Աջակցության տարբեր անվանումների տակ ու տարբեր ծավալներով բյուջետային միջոցների վիճահարույց, շատ դեպքերում նաև չհիմնավորված բաշխումը, ակնհայտորեն, չի նպաստել համաճարակի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանը։
Եվ այսօր հասարակության առողջ հատվածի համար ամենամեծ մտահոգությունը, թերևս ապագայի հանդեպ անորոշությունն է, որի փարատողը, պետք է լինի իշխանությունը։ Սակայն վերջինս այդ վերաբերյալ հանրային ակցիաների միջոցով պարզաբանումներ ստանալու փորձեր կատարողների հանդեպ գերադասում է վարչական սանկցիաներ կիրառել՝ «երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսի բարձր հովանու ներքո։ Եվ դա այն իշխանությունը, որը ժամանակին հանրապետության հրապարակը հռչակում էր որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին, իսկ կառավարման համակարգը՝ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն։ Իսկ այսօր իշխանությունն այդ նույն հանրապետության հրապարակից բերման է ենթարկում ժողովրդի մի մասնիկը հանդիսացող ռեստորանների, հանդիսությունների սրահների սեփականատերերին, աշխատակիցներին, երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և համաճարակի պատճառով անգործության մատնված այլ ոլորտների ներկայացուցիչներին միայն այն բանի համար, որ վերջիններս հանդգնել են որոշակիություն մտցնել կառավարության մեղքով ստեղծված անորոշության մեջ։ Թերևս մեկնաբանություններն ավելորդ են․․․
Տնտեսական գործունեության կոնկրետ տեսակներով զբաղվող մի շարք քաղաքացիներ, արդեն 4-րդ ամիսն է, իրենց կամքից անկախ, սակայն պետության հարկադրանքով մատնվել են անգործության։ Ըմբռնումով մոտենալով ստեղծված իրավիճակին, լռելայն տանելով իրենց բաժին հասած դժվարությունները այդ մարդիկ ակնկալում են պետությունից ապագայի վերաբերյալ որոշակիություն։ Սակայն իշխանությունը երկիրը ճգնաժամից դուրս հանելու ռազմավարություն մշակելու փոխարեն գերադասում է անիմաստ ու անպտուղ լայվերով կերակրել մարդկանց, որոնց էֆեկտը ևս նույն իշխանության թեթև ձեռքով արդեն իսկ մոտենում է զրոյական մակարդակին։
Թերևս մեկ բան է լավ ստացվում իշխանության մոտ՝ ամեն ինչ զրոյացնելը։ Մինչդեռ, իրականում վիճակն առավել քան լուրջ է։ Սոցիալական վիճակի շարունակական վատթարացում, մասնավոր տրանսֆերտների և հարկային եկամուտների շեշտակի նվազում, գործազրկության էական ավելացում, աշխատատեղերի կրճատում, բնակչության եկամուտների անկում․․․․․ և այս շարքը դեռ կարելի է շարունակել։
Սակայն նման ծանր իրավիճակում իշխանությունը որդեգրել է դիտորդի կարգավիճակ, արձանագրելով տեղի ունեցող փաստերը՝ առանց վերջիններիս վրա ներգործելու ուղղությամբ նպատակային քայլեր իրականացնելու։ Սա արդեն ոչ թե տնտեսական սխալ քաղաքականության, այլ ընդհանրապես քաղաքականության բացակայության հետևանք է, հղի լուրջ և խիստ վտանգավոր հետևանքներով թե հասարակության, և թե պետության համար։
Հ.Գ. Ի դեպ, իշխանությունը չպետք է մոռանա, որ 2018 թվականի ապրիլյան հասարակական ընդվզումների հիմնական պատճառներից մեկը նաև, որ հանգեցրեց իշխանափոխության, ապագայի հանդեպ հասարակության ունեցած անորոշությունն էր․․․․
#վեհ մնացեք»
Մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական,հանրային գործընթացները ոչ թե սխալ քաղաքականության, այլ ընդհանրապես…
Gepostet von Vladimir Martirosyan am Dienstag, 21. Juli 2020