«Բանկային երաշխիքի կեղծման գործի բացահայտմանը հետամուտ եմ լինելու անկախ ներգարվված անձանց ազգանուններից և նրանց հովանավորներից». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամիսներ առաջ՝ մայիսի 18-ին տարածեցի տեսանյութ, որտեղ ներկայացրեցի համայնքային և պետական մրցույթների ընթացքում կեղծ բանկային երաշխիքների ներկայացման պատմությունը, որով միայն իմ տեսած և հաշված մրցույթներով համայնքին և պետությանը պատճառվել է մեկ միլիարդից ավել դրամի վնաս։ Թե’ Երևանի քաղաքապետարանը, թե’ վարչապետ Փաշինյանը հայտնեցին, որ իրենք են վերհանել այդ կեղծիքը և շահագրգիռ են, որպեսզի այս ակնհայտ պատմությունը և դերակատարները բացահայտվեն։
Պարզվում է, որ քրեական գործը հարուցվել է իմ կողմից տեսանյութի տարածումից շաբաթներ անց՝ հունիս ամսին, մինչդեռ ըստ քաղաքապետարանի և Փաշինյանի դա բացահայտվել է տեսանյութից շաբաթներ առաջ։
Բայց սա էլ դեռ ամենը չէ, պարզվում է, որ առևտրային բանկի փաստաթղթի կեղծիքի և միլիարդի հասնող այս գործը քննում է քննչականի Երևանի տարածքային ստորաբաժանումներից մեկը և կարծես մեղադրանքի շրջանակը ևս հստակեցված չէ։ Համեմատության համար ասեմ, որ ավագանու ընդդիմադիր խմբակցության մեքենայի հարյուր քանի հազար դրամ ստացող վարորդի խեղկատակ գործը քննվում է քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում, որի «ահասարսուռ բացահայտումը» կարող է հաշվարկել առավելագույնը մեկ ու քանի միլիոն դրամ։
Բանկային երաշխիքի կեղծման գործի բացահայտմանը հետամուտ եմ լինելու անկախ ներգարվված անձանց ազգանուններից և նրանց հովանավորներից։ Չեմ շտապում և չեմ շտապեցնում։ Հանգիստ քննեք»: