Դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Գևորգ Բաղդասարյանը բացարկ չեն հայտնի 

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի միջնորդությունը՝  դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ քրեական գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը միջնորդել էր դատարանին՝ վարույթից հեռացնել մեղադրող դատախազներին: Ասլանյանի խոսքով՝ քննվող գործի նյութերում բացակայում են և ներառված չեն 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով որպես տուժող և վկա Սերգեյ Եղիազարյանի հարցաքննությունների, նրա ցուցմունքների արձանագրությունները, տուժող ճանաչելու մասին որոշումը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և հարուցված վարույթի շրջանակներում կազմված նյութերով կատարված հնարավոր այլ դատական գործողությունների մասին ապացույցները: Ըստ Ասլանյանի՝ իր վստահորդը չի կարողացել ծանոթանալ գործի նյութերին, քանի որ դրանք չեն  տրամադրվել իրեն: Ասլանյանը միջնորդությունը ներկայացնելիս նաև հայտնել էր, թե դատախազների գործունեության հետևանքով իր պաշտպանյալը զրկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որպես տուժած անձ աջակցություն ստանալու հնարավորությունից:

Դատախազներն էլ իրենց առարկություններն էին ներկայացրել՝ պատճառաբանելով, թե միջնորդությունն ընդամենը հայտարարություններ անելու առիթ էր, իրականության հետ կապ չունեցող, իրենց  բնորոշմամբ, «մեղմ ասած», ոչ հիմնավոր։

 

Տեսանյութեր

Լրահոս