«Պետք է պատրաստ լինենք այն զարգացումներին, որոնք ըստ էության պետք է կրեն նաև իրավիճակային բնույթ». Գոռ Գևորգյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ հայ –ադրբեջանական սահմանում Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային գործընկերներից մի փոքր ավելի կոշտ հայտարարություն էին ակնկալում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը սահմանամերձ հատվածներում պարբերաբար տեղի է ունենում։
«Բնականաբար, մենք պետք է պատրաստ լինենք այն զարգացումներին, որոնք ըստ էության պետք է կրեն նաև իրավիճակային բնույթ։ Մենք ակտիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ։ Այստեղ շատ եմ կարևորում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը, օրեր առաջ եղավ հայտարարություն՝ ոչ միայն Ադրբեջանին աջակցելու առումով, այլև քաղաքական խրատներ, հորդորներ հնչեցվեցին Հայաստանի ուղղությամբ։ Մենք այստեղ պետք է շատ հստակ արձանագրենք, որ Թուրքիան տևական ժամանակ է, ինչ շարունակում է իր ապակառուցողական և տարածաշրջանային անվտանգային համակարգը խարխլող քաղաքականությունը։ Կարող ենք այն անվանել անգամ ծավալապաշտական քաղաքականություն։ Այս ամենը հերթական անգամ լարման իրավիճակ է ստեղծում հայ-ադրբեջանական սահմանին այն իմաստով, որ Ադրբեջանը, ըստ էության, ստանում է աջակցող դրական ազդակներ, որը, բնականաբար, անթույլատրելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում միջազգային կառույցների տված գնահատականները հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Ըստ նրա՝ միջազգային տարբեր կառույցներ, քաղաքական գործիչներ տարբեր երկրներից իրենց հայտարարություններով հանդես են եկել, որոնք կրում են միանշանակ հորդոր երկու կողմերին՝ դադարեցնելու կրակը։
«Պարզապես մենք այստեղ ակնկալում ենք որոշ ուղղորդված ու հստակ հայտարարություն դեպի ադրբեջանական սադրիչ գործողությունները։ Չնայած, եթե փորձում ենք հայտարարություններն ավելի մանրակրկիտ դիտարկել, ապա տողատակերում կարող ենք այդ ուղղորդումը տեսնել։ Բայց քանի որ այս ամենն ամբողջությամբ քաղաքական երևույթ է, մենք հստակ ակնկալում ենք ավելի կոնկրետ և ըստ էության թիրախային հայտարարություններ»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում