Բաժիններ՝

ԱԻ նախարարը հանձնարարել է պատրաստ լինել, ըստ անհրաժեշտության՝ սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը

Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեցլ է խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Առաջնահերթության կարգով նախարարը լսեցլ է Տավուշի մարզային փրկարարական վարչության զեկույցը: Վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:

Նախարարը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքներին:

«Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Նախօրեին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևները խաթարել էին բնականոն կյանքը: Ըստ մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանի զեկույցի՝ փրկարարները հնարավոր բոլոր միջոցներով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Նա հավաստիացրեց, որ ներկայում վիճակը կառավարելի է:

Նախարար Ցոլակյանը, նկատի ունենալով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային կանոնների պահպանմանը, առավելագույնս իրազեկել քաղաքացիներին, սերտորեն աշխատել պատասխանատու մյուս կառույցների հետ և չթուլացնել զգոնությունը:

Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է վերահսկվող հրդեհների միջոցով կանխարգելել ռիսկերն ու ապագա խնդիրները: Ցոլակյանը մտահոգիչ է համարել նաև 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարեց խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում. մարդկային կյանքի պահպանումը պետք է լինի գերակա արժեք և սա այն խնդիրն է, որը պահանջում է ուժերի գերլարում: Դա կատարելի խնդիր է՝ փրկարարի խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս