Իրանում պաշտպանության նախարարության նախկին աշխատակցին մահապատժի են ենթարկել
Իրանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ռեզա Ասղարին:
Այդ մասին հայտնել է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
Նա նշել է, որ դատավճիռն ի կատար է ածվել անցած շաբաթ:
Նրա խոսքով, որը մեջբերում է իրանական «Միզան» լրատվական պորտալը, Ասղարին ԿՀՎ-ի հետ կապված է եղել Իրանի պաշտպանության նախարարությունում աշխատելու վերջին տարիներին, որտեղից նա հեռացվել էր չորս տարի առաջ:
Էսմայիլին ընդգծել Է, որ Ասղանին, մասնավորապես, ԿՀՎ-ին հաղորդել է Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ տվյալները: Էսմայիլին հավելել է, որ մահապատժի ի կատար ածման է սպասում նաեւ Մահմուդ Մուսավի-Մաջդը, որը մեղադրվել էամերիկյան եւ իսրայելական հետախուզությունների հետ համագործակցության մեջ: Անցյալ տարի Թեհրանում հայտնել էին 17 մարդկանց մերկացման մասին, որոնք աշխատել էին ԿՀՎ-ի օգտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: