Բաժիններ՝

Գույքահարկի թվացյալ իջեցում. 2021 թվականի հունվարի 1-ից վճարելու ենք 3-5անգամ ավելի գույքահարկ. մեկնաբանում է տնտեսագետը

Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից կբարձրացվի գույքահարկը:

Այս օրերին թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, տնտեսագետները պնդում էին, որ այս նախագծով բարձրանալու է գույքահարկը, իշխող ուժի ներկայացուցիչների ելույթներն այլ բանի մասին էին: Իմքայլականները վստահեցնում էին, որ նախագծով ոչ թե բարձրացվում, այլ իջեցվում է գույքահարկը:

Հունիսի 24-ին, երբ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկում էր նախագիծը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, բերելով 30 մլն դրամ արժողությամբ գույքի օրինակը, ասել էր, թե այս օրինագծով գույքահարկը կնվազի:

«Տարեկան նման գույքի համար վճարվում է 2500 դրամ: Քանի որ անցած տարի մենք փոխեցինք կադաստրային արժեքը, այս տարի այն կբարձրանա, և եթե մենք կընդունենք կառավարության առաջարկած փոփոխությունները, ապա 2021 թվականի հունվարին այդ անշարժ գույքի համար կվճարվի 43 000 դրամ: Այժմ, եթե օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տրվի, ապա տվյալ գույքի համար կվճարվի ոչ թե 43 000, այլ 19 000 դրամ: Ընդ որում, այդ 19 000 դրամը պետք է վճարել 4 տարուց, իսկ 2021-ին պետք է վճարել 4500 դրամ: Սակայն աստիճանաբար այդ գումարը կավելանա»,- ասել էր Բաբկեն Թունյանը:

Հենց պատգամավորի բերած օրինակից էլ ակնհայտ է, որ գույքահարկը, այդուամենայնիվ, բարձրանում է, պարզապես ոչ միանգամից և սկզբնական շրջանում ոչ այնքան, որքան նախատեսել էին։

Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի ընդունած փոփոխությամբ «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով, որը ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը, գույքի արժեքը 2021 թվականից պետք է հաշվվի ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով: Այսինքն՝ հստակեցվեց գույքի արժեքի հաշվման մեթոդաբանությունը, որը պետք է օգտագործվեր 2021թ.-ի հունվարի 1-ից գույքի արժեքը հաշվարկելու համար:

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում հղում էր անում հենց այս փոփոխությանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, եթե «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հունիսի 25-ին ԱԺ-ն չընդուներ, ապա քաղաքացիները 2021 թվականին կվճարեին նույն գույքահարկը, ոչ թե ավելին, քանի որ օրենքում դեռևս գրված է գույքի կադաստրային արժեքը: Սուրեն Պարսյանի խոսքով՝ իշխանությունը շատ լավ հասկանում էր, որ չէին կարողանալու կիրարկել հոկտեմբերին ընդունված օրենքը՝ առանց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու

«Արժեքից բացի, շատ կարևոր է հարկը: Սահմանադրությամբ նախատեսված է, որ մարդկանցից կարող են միայն հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների տեսքով գումարներ գանձել: Միայն արժեքի որոշմամբ չես կարող դու հարկը գանձել: Եվ այստեղ է, որ գույքահարկի մասին օրենքն է, որ պիտի փոփոխություն կատարեին իրենք: Եվ տրամաբանական էր, որ պիտի փոփոխություն կատարեին: Բայց իրենք չպիտի այդ ամբողջ մեղքը բարդեն նախորդ՝ հոկտեմբերի օրենքի վրա, քանի որ հոկտեմբերի օրենքը զուտ տալիս էր հաշվարկման մեթոդաբանությունը՝ ճիշտ, սխալ, դնենք մի կողմ: Հիմա իրենք հաստատում են դրույքաչափերը: Իրենք կարող էին այնպիսի դրույքաչափեր սահմանել, որ լիներ էլի նույնը: Օրինակ՝ 0.5-ի փոխարեն սահմանել 0.01, ու լինի էլի նույն 2.500 դրամ գույքահարկը: Կարող էին, չէ՞, անել: Այսինքն՝ իրենք դրույքաչափերը կարող էին իջեցնել այնքան, որ գույքահարկը կազմեր հիմիկվա արժեքների չափով:

Բացենք, նայենք հոկտեմբերի (2019թ. հոկտեմբեր.- Ա.Հ.) քննարկման ժամանակ նույն իշխանության ներկայացուցիչների և օրենքը ներկայացնող կառավարության ներկայացուցչի հայտարարությունը, որ «այս նախագծով մենք մարդկանց վրա լրացուցիչ բեռ չենք դրել, սա ուղղակի մեթոդաբանության հարց ենք լուծել»: Հիմա ստացվում է, որ այն ժամանակ նրանք սուտ էին ասում, գույքահարկն այն ժամանակ են բարձրացրել, հիմա ուղղակի իրենց տրամաբանությամբ՝ լավություն են անում ժողովրդին, որ բարձրացրածը իջեցնում են: Որքան էլ պարոն Թունյանը հայտարարի, որ այս նախագծով իջեցնում են գույքահարկը, հստակը այն է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մեր հայրենակիցները վճարելու են 3-5 անգամ ավել գույքահարկ: Թե որքա՞ն պիտի վճարեին, որքա՞ն հիմա իջացրեցին, դա ոչ մեկին չի հետաքրքրելու: Պարզն այն է, որ 3-5 անգամ ավելի գույքահարկ են վճարելու բոլորը»,- ասաց Սուրեն Պարսյանը:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխության մասին խոսելով՝ Սուրեն Պարսյանն առանձնացրեց նաև չհարկվող շեմի վերացումը: Նախկինում կադասրտային արժեքով մինչև 3 միլիոն դրամ արժողությամբ գույքը չէր հարկվում: Պարսյանի խոսքով՝ կադաստրային արժեքով հաշվվող 3 միլիոն դրամը համահունչ է շուկայական արժեքով հաշվվող 7 միլիոն դրամ արժողությամբ առանձնատան կամ 10 մլն դրամ արժողությամբ բնակարանի արժեքին:

«Ցածր արժեք ունեցող բնակարանների սեփականատերերը ներկայումս չեն վճարում: Չեն վճարում այն պատճառով, քանի որ անարդար կլինի սոցիալական տեսանկյունից այդ մարդկանցից գույքահարկ գանձել: Մարդիկ լավ օրից չէ, որ այդպիսի բնակարաններում են ապրում՝ 7 միլիոնանոց կամ 10 միլիոնանոց բնակարաններում: Սա խոսում է, որ նրանք սոցիալական խնդիրներ ունեն, և պետությունը լրացուցիչ հարկ դնելով նրանց վրա՝ լրացուցիչ սոցիալական անարդարություն է ստեղծում»,- ասաց Սուրեն Պարսյանը:

Պարսյանի խոսքով՝ մյուս խնդիրը, որը կարող է առաջանալ չհարկվող շեմի վերացման արդյունքում, այն է, որ այդ արժեքն ունեցող բնակարանների սեփականատերերից շատ դժվար է լինելու հետագայում գանձել գույքահարկը, ինչն էլ բավականին կմեծացնի վարչարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի կամ տարբեր համայնքապետարանների դեպքում:

«Դուք պատկերացրեք՝ որքան է դժվարանում այդպիսի գույքի սեփականատերերից թեկուզ 2.000-3.000 դրամ գույքահարկ գանձելը: Մենք գործ ենք ունենալու լրացուցիչ դատական գործերի, քաշքշուկների հետ:

Աշխարհի բազմաթիվ երկրներում կա գույքահարկի չհարկվող շեմ: Դա պատահական չէ, քանի որ առաջինը՝ սոցիալական խնդիր է լուծում, դու աղքատ մարդուց հարկ չես գանձի, և երկրորդը՝ նաև արդյունավետության հարց է: Այսինքն՝ դու ամեն գույքի հետևից գնալով՝ լրացուցիչ վարչարարության խնդիր ունես, ծախս ես դնելու դրա տակ, որ փորձես ամեն մեկից այդ 100-ական դրամները հավաքել: Ասում է՝ «ավելի լավ է՝ 100-ի փոխարեն՝ մի խոշորից 1.000 դրամ վերցնես»:

Ու նաև կառավարության այն փիառ լոզունգները, որ սա դղյակների հարկում է, իրականության հետ կապ չունի: 100 և 120 միլիոն դրամից ավելի արժեք ունեցողները բոլորը վճարելու են միևնույն 1% գույքահարկը: Այսինքն՝ այն բնակարանը, որը կենտրոնում է, ենթադրենք՝ 3 սենյականոց և արժի 120 միլիոն դրամ, և այն առանձնատունը, որը 3 միլիոն դոլար արժի, երկուսն էլ վճարելու են նույն 1 % գույքահարկը: Եվ այստեղ պրոգրեսիվ հարկ գոյություն չունի: Իրենք խոսում են պրոգրեսիվ հարկից, սոցիալական արդարությունից, բայց իրենք չեն հասկանում ո՛չ սոցիալական արդարությունից, ո՛չ էլ պրոգրեսիվ հարկի գաղափարից: Ամեն մեկն իր տակ ունի տնտեսական հաշվարկներ, տրամաբանություն, դրանք բարոյական կատեգորիաներ չեն, սրանք տնտեսագիտական կատեգորիաներ են, որից իրենք հրաժարվում են: Գործող իշխանությունները սիրում են ասել, որ «մենք իզմեր չունենք», բայց նման կարևոր, տնտեսության համար առանցքային որոշումներ ընդունելիս՝ նրանք միշտ լիբերալիզմով են շարժվում, այսինքն՝ հարուստներին ավելի քիչ հարկելով, միջին և աղքատ խավի վրա լրացուցիչ հարկային բեռ դնելով»,- ասաց մեր զրուցակիցը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, խոսելով իշխանական պատգամավորների այն դիտարկումների մասին, թե այս փոփոխությամբ չի ավելանալու գույքահարկը, փոխարենը՝ թեթևացնում են 2019 թվականի հոկտեմբերին ընդունած օրենքով վճարվող գույքահարկի բեռը, հիշեցրեց ԱԺ-ում այդ նախագծի քննարկման օրերին իշխանական պատգամավորների հայտարարությունները, թե «այս նախագծով գույքահարկի բարձրացում տեղի չի ունենալու», «մենք հաջորդ տարի կբերենք նախագիծ և դրանով գույքահարկի վերաբերյալ դրույքաչափերը կսահմանենք, և խնդիր չի լինի»:

«Այդ ժամանակ բազմաթիվ հարցադրումներ եղավ իշխանության ներկայացուցիչներին, պատգամավորներին՝ «գույքահարկը բարձրացվո՞ւմ է», ասվեց՝ «չէ, սա ուղղակի մեթոդաբանության հարցն ենք լուծում, սրանով գույքահարկը չի բարձրացվում»: Նույն Սարհատ Պետրոսյանը մի քանի անգամ այդ նախադասությունը կրկնեց:

Հիմա եկել ենք, հասել ենք հունիս ամսին, ասում են՝ «գիտեք, մենք էն ժամանակ արդեն բարձրացրել ենք գույքահարկը, հիմա սրանով իջեցնում ենք»: Ո՞ւմ են ուզում խաբել:

Հստակ է, որ Սարհատ Պետրոսյանի ասած մոտեցումը ճիշտ է, նրանք գույքահարկը չէին բարձրացրել, իրենք նոր մեթոդաբանություն էին առաջարկել: Իսկ հիմա սահմանվում է դրույքաչափերը և շեմերը, և հիմա է բարձրանում 3-5 անգամ: Եվ իշխանության ներկայացուցիչներն ուղղակի պետք է ազնիվ ու շիտակ ձևով այս ամեն ինչը ներկայացնեն հանրությանը, ասեն, որ՝ «սիրելի ժողովուրդ, մենք որոշել ենք ձեր վրա լրացուցիչ հարկ դնել ու վերացնել չհարկվող շեմը», այդքան բան»,- ասաց Պարսյանը:

Մյուս խնդիրը, որը, ըստ Սուրեն Պարսյանի, կարող է առաջանալ այդ փոփոխությունների արդյունքում, Կադաստրի կոմիտեի վստահության և կարողության բացն է: Պարսյանի խոսքով՝ չնայած կա գույքի արժեքի որոշման մեթոդաբանություն, բայց Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի շուկայական արժեքները որոշելու հարցում բավարար գործիքակազմ ու վստահություն չունի, որ կարողանա այդ արժեքները ճշգրիտ որոշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս