Մակույկը փոխեք, մակույկը
Մաթեմատիկայի տիպային խնդիրների շարքում կա այսպիսի մեկը։ Մակույկը շարժվում է գետի հոսանքին հակառակ՝ A կետից B կետը։ Գետի արագությունը 7կմ/ժ է, մակույկինը՝ 5կմ/ժ։ Իսկ A և B կետերի հեռավորությունը 15 կմ է։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի B կետը հասնելու համար։
Պատասխանը պարզ է՝ նավակը երբեք չի հասնի B կետին, հակառակը՝ ավելի կհեռանա։ Եվ որքան էլ ափին կանգնածները գոռան՝ «Առաջ, նավակ» «Է՜լ ավելի լավ նավահանգիստ», մակույկը ետ է գնալու։ Որովհետև մակույկի արագությունը գետի հոսանքի արագությունից փոքր է, թիավարի հնարավորություններն այդքան են, և որովհետև գետի հոսքը կանգնեցնել չի լինի։ Սրան էլ ավելացնենք, որ մի քանի «խոշոր ձկներ» տակից խանգարում են մակույկի ընթացքին և ետ են հրում այն։
Կարծում ենք, կարիք չկա ասել, որ Հայաստանը ոչնչով չի տարբերվում այս տիպային խնդրի մակույկից։ Տարիներ առաջ հանրապետության նախագահն իշխանության եկավ «Առաջ Հայաստան» կարգախոսով, սակայն գրեթե հինգ տարի անց ակնհայտ է դառնում, որ առաջ գնալու փոխարեն՝ ետ ենք շարժվել։
Նախագահ Սերժ Սարգսյանը՝ տարբեր ոլորտներին վերաբերող իր վերջին շրջանի խորհրդակցություններով, միայն հաստատում է այդ միտքը։ Որին անդրադառնում է՝ գնահատականը խիստ բացասական է։ Պետական գնումների համակարգ՝ խայտառակություն, առողջապահության ոլորտ՝ խայտառակություն։ Երեկ էլ՝ հարկաբյուջետային ոլորտ՝ կրկին խնդիրներ։ Ս. Սարգսյանը խոսել է տարբեր պաշտոնյաների կողմից կատարվող միջնորդությունների և այն մասին, «որ թևերը փռում են այդ ձեռնարկությունների վրա և սկսում են բողոքել՝ պարտքեր են առաջանում, եթե հարկերը տանք, և այլն, և այլն»:
Համոզված ենք, որ նախագահի խորհրդակցությունների այս շարքը կշարունակվի, քննադատությունները՝ նույնպես։ Չի բացառվում, որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ լինեն նաև պաշտոնանկություններ ու աղմկոտ ձերբակալություններ։
Այս համատեքստում դիտարկելու դեպքում այն հարցը, թե նախագահի մասնակցությամբ խորհրդակցությունները որքանո՞վ են PR-ային, արդեն երկրորդական է դառնում։ Առաջնային է դառնում այն, որ առաջ գնալու դեպքում այսպիսի խորհրդակցությունների ականատես չէինք լինի։
Ի դեպ, քննադատությանը զուգահեռ՝ միշտ նշվում է, որ վերջին տարիներին հսկայական աշխատանք է տարվել բոլոր ոլորտներում, սակայն՝ արդյունք չկա։ Ասել է թե՝ թիավարը չարչարվել է, սակայն մակույկն առաջ չի գնացել։
Սակայն ոչ մի կերպ չեն ընդունում, որ առաջ գնալու ու լուսավոր B կետին հասնելու համար կամ պետք է թիավարին փոխել, կամ էլ նավակը՝ մակույկը, փոխարինել մոտորանավակով։ Օրինակ, վրացական մակույկի թիավարը տարիներ առաջ փոխվեց, կամաց-կամաց մոտեցան իրենց B կետին։ Իսկ երբ զգացին, որ տեմպը թուլանում է՝ որոշեցին անցնել մոտորանավակի (նախնական արդյունքներով, երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընտրությունը)։ Իսկ մերոնք դեռ մտածում են ընթացքն արագացնել՝ միայն ձկներին բռնելու միջոցով։ Խոշոր և ոչ յուրային ձկներին։ Թեպետ դժվար է հավատալ, որ ոչ յուրային ձկները կարող են խոշոր լինել, կամ, որ խոշոր ձկները կարող են յուրային չլինել։