ԼՀԿ-ն չի մասնակցի Սահամանադրական դատարանի վերաբերյալ նախագծին նվիրված ԱԺ արտահերթ նիստին
ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Էդմոն Մարուքյանն անդրադարձավ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկելու են Սահամանդրական դատարանի վերաբերյալ նախագիծը:
«Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, մենք չենք հասցրել մասնակցել, մասնակցել է միայն Մանե Թանդիլյանը: Այդ նիստից տեղեկացանք, որ այսօր տեղի է ունենալու արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է փոփոխության ենթարկվի երկրի մայր օրենքը: Որքանով հասկացա՝ սահմանված է 3-ժամյա ռեժիմ: Ամբողջ աշխարհում գիտենք, որ երբ փոխվում է մայր օրենքը, այն պահանջում է ամինսերի աշխատանք՝ հանրային լսումներ, քննարկումներ, քարոզարշավ, բանավեճեր, բայց Հայաստանում դա արվում է այս ձևով, այսինքն՝ գալիս է խորհրդարան, առավոտյան տեղեկանում ենք, որ նախագիծ է բերվում Սահմանադրության փոփոխության և այն փոխվում է»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ սա լուրջ խնդիր է, թե՛ Հայստանի միջազգային պարտավորությունների մասով, թե՛ այն առումով, որ ժամանակին այս ամենի մասին խոսվել է, որ հանրաքվեն միակ ճանապարհն է Սահմանադրական փոփոխությունների համար:
«Հիմա պարզվում է, որ այս ամենը կարելի է անել նաև խորհրդարանում, պարզվում է նաև , որ ՍԴ չի ուղարկվել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը: ԼՀԿ-ն այդ նախագծին դեմ է քվեարկել, ստացել ենք լեգիտիմ իրավունք ձևավորելու «Ոչ»-ի շտաբ, սակայն չենք ձևավորել և կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին չձևավորել և բոլոր ուժերը հետևել են այդ կոչին: Մեծ հաշվով մենք արդեն ասելիք չունենք, չի բացառվում, որ մենք առհասարակ չմասնակցենք այսօրվա արտահերթ նիստին, դեռ քննարկումների մեջ ենք, մենք էլ չենք հասցրել կողմնորոշվել: Սակայն խմբակցությունում դոմինանտ կարծիքն այն է, որ չմասնակցենք նիստին»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը: