«Նման իրավիճակ հայ-ռուսական հարաբերություններում երբեք չի եղել»․ ինչու չեղարկվեց Փաշինյանի այցը Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցի չեղարկումը դարձել է վերջին ժամերի հայ-ռուսական փորձագիտական, համացանցային քննարկումների և վերլուծությունների թոփ թեման։
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը չեղարկեց իր առաջիկա այցը Մոսկվա, որի շրջանակում նա պետք է մասնակցեր Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ ամյակին նվիրված միջոցառումներին։ «Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ այն դեպքում, երբ հունիսի 1-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում նա հույս էր հայտնել, որ մինչ հունիսի 24-ն ապաքինված կլինի կորոնավիրուսից և կկարողանա մասնակցել բոլոր միջոցառումներին:
Նշենք նաև, որ հունիսի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, ում հետ փոխանակվել էր Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով:
Ակնհայտ է, որ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում ՀՀ-ում համաճարակային իրավիճակը գրեթե չի փոխվել, այն մտահոգիչ է՝ ինչպես այսօր, այնպես էլ՝ 20 օր առաջ։ Սակայն փոխվել է ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև շարունակել են լարվածության միտումներ նկատվել հայ-ռուսական հարաբերություններում։
Որոշ փորձագետների գնահատմամբ՝ Փաշինյանի չեղարկման պատճառն այս զարգացումներն են, մի շարք վերլուծաբանների կարծիքով էլ՝ հայկական կողմին չի հաջողվել Փաշինյան-Պուտին հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական կողմի հետ, որոշ աղբյուրների և ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ ռուսական կողմն է չեղարկել այցը։ Այս ժամերին եղել են անգամ աննախադեպ թվացող տեղեկություններ՝ ռուսական կողմը պահանջել է կորոնավիրուսից առողջացած ՀՀ վարչապետից կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնել Ռուսաստանում, ապա շարունակել այցը։
Հարկ է ընդգծել, որ Փաշինյանի որոշման նախօրեին էլ Մոսկվա մեկնելու որոշումը չեղարկել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Սակայն համացանցային քննարկումներից և փորձագետների գնահատականներից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի որոշումն ավելի մեծ ուշադրության է արժանացել։ Այս վարկածների, հայ-ռուսական հարաբերությունների և ՀՀ ներքաղաքական զարգացումների շուրջ 168.am-ը զրուցել է ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոյի հետ։
– Պարոն Կորոտչենկո, հաշվի առնելով շրջանառվող բոլոր կարծիքները, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չեղարկվեց Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա։
– Իմ կարծիքով՝ սա պայմանավորված է Հայաստանում ստեղծված հասարակական–քաղաքական իրավիճակով, քանի որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ՝ բավականին լուրջ։ ՀՀ վարչապետը կորցնում է իր քաղաքական դիրքերը, և դա արտահայտվում է քաղաքական ընդդիմախոսների քրեական հետապնդումներով, խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռունցքներ կիրառելով, տնտեսական քաղաքականության տապալմամբ, հակահամաճարակային քաղաքականության տապալմամբ։
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, կարծում եմ, նաև եվրոպական կառույցների դիրքորոշման և դատական համակարգի ողջամիտ հատվածի շնորհիվ տեղի ունեցավ, պարոն Փաշինյանը փաստորեն այս հատվածը չկարողացավ լիովին հարմարեցնել իրեն։ Ստեղծվում է իրավիճակ, որի պայմաններում Մոսկվա մեկնումն անհնար է դառնում։ Փաշինյանի կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ երկակի չափանիշերի պատճառով, քանի որ հայտարարեցին կարանտին, բայց իրենք անձամբ սկսեցին խախտել այն, լրագրողները նկարահանել էին իշխանության որոշ ներկայացուցիչների սրճարաններում՝ առանց դիմակների, և այլն։ Այսինքն՝ այս ամենը հասունացրեց ներկայիս ճգնաժամը։ Փաշինյանը զգում է իր անկայուն քաղաքական դիրքերն իր սխալների պատճառով։
– Հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ է կատարվում։ Որոշակի լարվածություն կա, ի՞նչ դերակատարություն ունի դրանում ՀՀ ներքաղաքական կյանքը։
– Մենք տեսնում ենք ճնշում ռուսական բիզնեսի նկատմամբ ՀՀ-ում, տեսնում ենք, որ Փաշինյանը չի ցանկանում թույլատրել ռուս մասնագետներին մուտք գործել ԱՄՆ ֆինանսավորմամբ, ավելի ճիշտ, Պենտագոնի ֆինանսավորմամբ ՀՀ-ում բիոլաբորատորիաներ։
– Համապատասխան հուշագիրը նախապատրաստման փուլում է, և դա կարծես ժամանակի հարց է։
– Բայց առաջընթաց չկա այդ ուղղությամբ, ինչը, ըստ իս, լավ ֆոն չէ մեր հարաբերությունների համար, նման բան երբեք չի եղել հայ-ռուսական հարաբերություններում, որոնք կրում են ռազմավարական բնույթ։ Ինձ թվում է՝ ՀՀ ներկայիս իշխանությունները շատ բան են արել այդ հարաբերությունների մակարդակն իջեցնելու համար այն մակարդակից, որը կար նախորդ տասնամյակների ընթացքում։
– Մենք գիտենք, որ հայ-ռուսական հարաբերությունների հաջողության հարցում էական նշանակություն ունեն նաև անձնական հարաբերությունները, որոնք ձևավորվում են ղեկավարների միջև։ Ինչպե՞ս է ՀՀ վարչապետը, նրա որոշումներն ընկալվում ՌԴ նախագահի և իշխանական շրջանակների կողմից։
– Պաշտոնական մակարդակում մշտապես Կրեմլն ընդգծում է, որ Հայաստանը ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, միևնույն ժամանակ՝ եղել են մի շարք «սիգնալներ», որոնք ուղարկվել են Փաշինյանին։ Փաշինյանի հետ խոսելու Պուտինի ցանկության բացակայությունը որոշակի ժամանակահատված եղել է, Փաշինյանը ոչ մի կերպ չէր կարողանում զանգահարել կամ կապ հաստատել Պուտինի հետ, բայց բոլորը հիանալի կերպով հասկանում են, որ, եթե հնարավոր չէ զանգահարել, ուրեմն չկա ցանկություն ընդունել այդ զանգերը։ Այդ նախադեպն անցավ։ Ռուսական մասնագետների մուտքն արգելվեց, Լավրովը որոշ հայտարարություններ արեց, որ Հայաստանում սուր ընկալվեցին։ Ընդհանուր առմամբ այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, դա Հայաստանի ներքին գործն է։ Ռուսաստանը չի միջամտում, բայց միևնույն ժամանակ՝ մենք չենք կարող չարձագանքել այն բոլոր գործողություններին, որոնք նսեմացնում են մեր շահերը։ Մենք չենք կարող նաև չարձագանքել քաղաքական հետապնդումներին ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ, դա, ինչպես ասել եմ, վհուկների որս է։ Իրերը կոչենք իրենց անուններով։ Նման բան Հայաստանում երբեք չի եղել, որ իշխանության փոփոխությունից հետո նոր իշխանությունը հետապնդի իր քաղաքական ընդդիմախոսներին նման ձևով, և դա տեղի է ունենում հենց պարոն Փաշինյանի օրոք։ Դա հատկապես տարօրինակ է, երբ դու խոսում ես ժողովրդավարության մասին. որտե՞ղ է այդ ժողովրդավարությունը։
Իսկ ճնշումների փորձը Սահմանադրական դատարանի նկատմամբ, ԱԱԾ նախկին ղեկավարին հետապնդելը, խորհրդարանում բռունցքներով ընդդիմախոսների բերանները փակելն անընդունելի է։ Բայց կրկնեմ, սրանք Հայաստանի ներքին գործերն են։
Նշեմ նաև Քոչարյանի հետապնդումները՝ չնայած Պուտինի անձնական և ողջ ռուսական իսթեբլիշմենթի խնդրանքներին։ Պետք է ասել, որ սա անընդունելի է, որ սրանով նախադեպ է ձևավորվում, վարչապետությունը լքելուց հետո նրան նույնկերպ կարող են հետապնդել, կամ գուցե ՀՀ վարչապետը հույս ունի Հայաստանից հեռանալ մեկ այլ երկիր, չեմ կարող ասել, բայց այս փաստերն անդրադառնում են մեր հարաբերությունների վրա։ Բայց ընդգծում եմ, որ ես մեկնաբանում եմ՝ որպես փորձագետ։ Իշխանության տեսանկյունից հստակ սիգնալներ ուղարկվում են, բայց դա միջամտություն չէ, միջամտությունից խուսափում են։
– Բայց Հայաստանում ռուսական խաղաքարտն ակտիվ շրջանառվում է, կան տեսակետներ, որ Ռուսաստանն աջակցում է, համակրում ընդդիմությանը։ Չկա՞ նման աջակցություն, համակրանք ընդդիմության նկատմամբ։
– Եթե կա միջամտություն, ապա դա Ռուսաստանը չէ։ Մենք ոչ մեկին չենք աջակցում։ Այլ հարց է, որ ՌԴ-ում ՀՀ սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ, որոնք տիրապետում են ֆինանսական ռեսուրսների, Ռուսաստանում շատ հայտնի են, կարող են աջակցել երևի թե, ես դա չգիտեմ, ենթադրում եմ, բայց պաշտոնապես Ռուսաստանը չի աջակցում, որևէ կերպ չի միջամտում այս ամենին։
Մենք հասկանում ենք, որ տեղի ունեցող իրադարձությունների ճակատագիրը պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը, բայց նշում ենք նաև, որ գործող իշխանությունը թույլ է տալիս էական սխալներ, որոնք հեռու են ժողովրդավարությունից։ Մենք չէ, որ պետք է Հայաստանին ժողովրդավարություն սովորեցնենք, ես պարզապես որպես փորձագետ եմ ասում, որ, երբ բռունցքներով են փակում ընդդիմադիր պատգամավորների բերանը, դա անթույլատրելի է, ցանկացած քննադատություն դիտարկվում է և ներկայացվում՝ որպես պետական դավաճանություն։ Սա 37 թիվը չէ։ Գլխավորը հետևյալն է՝ ի՞նչ էին ակնկալում Փաշինյանից ՀՀ քաղաքացիները՝ նյութական բարեկեցության ապահովում։ Այսինքն՝ իշխանություններից բոլոր երկրներում էլ դա են ցանկանում։
Ուզում եմ ուշադրություն հրավիրել նաև ԱԱԾ նախկին պետի դեմ գործողություններին, ով նախկին իշխանավոր չէ, այլ նոր իշխանությունների մաս է եղել, դարձել ընդդիմություն, և նրա դեմ տեղի ունեցողը ցույց է տալիս, որ կա փորձ՝ հետապնդել բոլոր նրանց, ովքեր դեմ կխոսեն, սա ժողովրդավարություն չէ, այլ իշխանության ուզուրպացիա։
Փաշինյանի գործողությունները ևս ապագայում են գնահատելու, գնահատելու են, թե նրան ինչ հաջողվեց անել, բացի պաշտոններ զբաղեցնելը։ Ակնհայտ է, որ կան նաև ունեցվածքի վերաբաշխման գործընթացներ, ԲՀԿ ղեկավար և բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանի հետապնդումը, կարծում եմ, ունեցվածքի վերաբաշխման նշան է։ Դա վատ դեպք է, վատ նախադեպ է։