«Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել Պուտինին, նույնիսկ հեռախոսազրույց չի եղել. Դա էլ է ինչ-որ բան հուշում». Վիգեն Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու հունիսի 24-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա երեկ նամակով տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երեկ ուղղված նամակում:

Հայկական կողմի այս պատճառաբանությունը, սակայն, կասկածի տակ դրվեց տարբեր փորձագետների, լրատվամիջոցների կողմից:

Արժանահավա՞տ է արդյոք վարչապետի ներկայացրած պատճառաբանությունը՝ 168.am-ը  հետաքրքրվեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանից։

«Թեման ինքն իրենով կարող է լինել պրոբլեմատիկ, բայց այն կարող է պրոբլեմատիկ լինել նաև Ռուսաստանի համար: Ըստ իս՝ քիչ հավանական է, որ վարչապետը եթե համարեր, որ շատ կարևոր հարցեր է այնտեղ լուծելու, այդ թվում՝ նաև իր ուզած օրակարգով է անցնելու այդ հանդիպումը, չեմ կարծում՝ չէր կարող համենայն դեպս թեկուզ մի քանի ժամով մեկնել:

Չեմ կարծում, որ այդ մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում գոնե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կտրուկ փոխվելու էր:

Այն վարկածքը, որն առաջարկում է հայկական կողմը, հերթապահ ինչ-որ բան է, ինձ նույնիսկ թվում է, որ այդ թեման կարող է ավելի շատ մտահոգեր ընդունող կողմին, քանի որ ընդունող կողմը պետք է ինքն իր գարանտիաներն ունենար՝ հաշվի առնելով, որ Հայաստանը, իրոք, հիմա համարվում է համավարակի բավականին վտանգավոր գոտի»,– ասաց Վ․ Հակոբյանը:

Հարցին՝ չեղարկված այցը կարելի է համարել միջպետական հարաբերություններում առկա խնդիրների հետևա՞նք, թե՞ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված քայլ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.  «Ես կարծում եմ՝ կոմպլեքսային է, հիբրիդային, մեկը մյուսից բխող. բոլոր գործոններն են այստեղ ազդեցություն ունեցել»:

Ըստ նրա, սակայն,  հայ–ռուսական  միջպետական հարաբերությունները կախված չեն կոնկրետ անձերից. «Օրինակ՝ կապ չունի, թե Հայաստանում ով է իշխանությունը. եթե ստրատեգիական գործընկերություն է, դա լինելու է այս կամ այն չափով, այլ հարց է՝ ինչքանով էֆեկտիվ կինի:

Բայց ես կարծում եմ, որ կան ինչ-որ ներքաղաքական խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում նաև միջանձնային հարաբերությունների, փոխվստահության վրա:

Մենք տեսանք՝ վերջին օրերին մեր որոշ ներքին քաղաքական խնդիրների հետ կապված՝ ռուսական կողմը բավականին ակտիվ դիրքորոշումներ ուներ, մասնավորապես՝ և ՛ այստեղի դեսպանի մակարդակով, և՛ այնտեղի իշխող քաղաքական ուժի մակարդակով»:

Իբրև հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի բնութագրիչ՝ մեր զրուցակիցը կարևորեց կոմունիկացիայի միջոց ընտրված «նամակի» փաստը. «Եթե  ուշադրություն դարձրել եք, Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել, այսինքն՝ դա նույնիսկ հեռախոսազրույց չի եղել։ Դա էլ է ինչ-որ բան հուշում: Սովորաբար, ովքեր նույնիսկ չեն գնացել, հեռախոսազրույցներ են ունեցել՝ նույն Ալիևի հետ հեռախոսազրույց եղավ, Նազարբաևի հետ… Կարծում եմ՝ ստրատեգիական գործընկերությունը ենթադրում է մի քիչ այլ մակարդակի կոմունիկացիաներ:

Սա հետաքրքրական և խոսուն փաստ է, եթե մանավանդ համեմատում ենք, թե Ռուսաստանի  կողմից մնացյալ հրավիրվածներն ինչ մեթոդոլոգիայով են սովորաբար շփվում: Եթե տեսել եք, Պուտինը բավականին հասանելի էր իրենց համար։ Նա վերջին օրերին շատ  հեռախոսազրույցներ է ունեցել, այսինքն՝ բաժանորդը հասանելի է, երբ որ պետք է»:

Տեսանյութեր

Լրահոս