Իշխանություններին չի անհանգստացնում Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ լինելու փաստը. Ալեն Սիմոնյան

Այսօր ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողներն ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե իշխանությանն անհանգստացնո՞ւմ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխվեց գրավի դիմաց:

«Ոչ, չի անհանգստացնում, ինչո՞ւ պետք է անհանգստացնի, անհանգստացնում է մարդկանց զայրույթը, և այն ընկալումը, որ չգիտեմ, ինձ էլ էին գրել, դրա համար ինձ վրա եմ օրինակը բերում, որ ինչ-որ մեկին բռնել եք, ինչ-որ մեկին բաց եք թողնում: Մենք դատարանի վճիռները իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն, երբ որ դրանք հրապարակային են դառնում, և մենք որևիցե մեկին չենք բռնում և բաց չենք թողնում, դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել երբևիցե ՀՀ-ում: Ինչ վերաբերում է մնացածին, ապա իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո  խափանման միջոցը փոխվել է, իրավական գործընթացը շարունակվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Լրագրողի հարցին, թե նախորդ անգամ, երբ  փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, և դատարանները շրջափակելու կոչ արվեց, դա իրավական գործընթաց չէ՞ր, Սիմոնյանը պատասխանեց, որ դա եղել է քաղաքացիական ակցիա, եթե հանրության մեջ նման պահանջ չլիներ, ապա նրանք դուրս չէին գա դատարանները շրջափակելու:

«Յուրաքանչյուր փորձ՝ քաղաքական պատվերի, յուրաքանչյուր խոսք քաղաքական՝ դատարանների հետ կապված միջնորդության, քաղաքական իշխանության կողմից տապալման է ենթարկվելու, որովհետև եթե տենց տրամաբանությամբ շարժվեինք, Ռոբերտ Քոչարյանին հիմա  պետք է բաց թողած չլինեին, եթե այդ տրամաբանությունը գործեր: Երկու տարի է անցել, դե բաց չէին թողնի, էլի, եթե ձեր ասածը իրականությանը համապատասխաներ»,- ասաց Սիմոնյանը:

Մեկ այլ լրագրողի այն պնդմանը, որ քաղաքացիները մեղադրում են գործող իշխանությանը, որ  խոստացված վեթինգը, դատական համակարգի բարեփոխումները չարեցին, պատգամավորն արձագանքեց.

«Էդ վեթինգ բառը, որ շրջանառում են, ո՞վ է դրել շրջանառության մեջ, մենք ենք դրել, դա իր մեջ պարունակում է ոչ միայն ուղիղ իմաստով այն, ինչի մասին որ խոսվում ա, այլ նաև տարբեր գործընթացներ, որոնք, ի դեպ, տեղի են ունենում, բազմաթիվ դատավորներ, բազմաթիվ փոփոխություններ այսօր տեղի են ունենում»:

Պատգամավորը չզլացավ մեղադրել լրատվամիջոցներին, որ իրենց ձեռքբերումների մասին չեն հայտնում հանրությանը:

«Լրատվական դաշտը, ցավոք սրտի, միտումնավոր կամ ոչ միտումնավոր ուշադրություն չի դարձնում, փնտրտուքի մեջ է որևիցե մի բացասական բան ստեղծելու և դա շրջանառելու մեջ, հաճախ դա հայտնի չի դառնում: Բայց բոլոր հարցերը՝ լինի դա վեթինգը, ստեղծված իրավիճակը, դուք տեսնում եք, որ քայլ առ քայլ լուծվում են և լուծվելու են, դա վերաբերում է բոլոր մտահոգություններին»,- ասաց Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս