Ուղերձ Թեհրանից՝ Երևանին․ ինչի՞ց է դժգոհ Թեհրանը
Նախօրեին անհանգստացնող փաստ է գրանցվել հայ-իրանական հարաբերություններում։ Ըստ իրանական մի շարք լրատվամիջոցների և որոշ աղբյուրների՝ մի խումբ ուսանողներ Թեհրանում համախմբվելով ՀՀ դեսպանատան դիմաց, արձագանքել են Իսրայելում դեսպանատուն բացելու՝ Հայաստանի կառավարության որոշմանը։ Ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը, որը պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց 2019 թվականի սեպտեմբեր ամսին։
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու», «Մահ Իսրայելին»: Թեև հակահայկական որևէ կարգախոս չի հնչել, ՀՀ դրոշ չի այրվել, սակայն ՀՀ իշխանությունները, ըստ մի շարք փորձագետների, պետք է տեղի ունեցածից հետևություններ անեն՝ խուսափելով հայ-իրանական կենսական հարաբերությունները վտանգելուց։
Համացանցային քննարկումներում մինչև անգամ կանխատեսումներ են հնչում, որ ՀՀ իշխանությունների կայացրած այս որոշումը կարող է հայ-իրանական հարաբերությունների խզման պատճառ դառնալ։ Երկկողմ հարաբերություններում մասնագիտացած վերլուծաբանները նման հոռետեսական կանխատեսումներ չեն անում, բայց կոչ են անում ՀՀ իշխանություններին զգոնություն ցուցաբերել և հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանը տարածաշրջանում հակառակորդներով և փակ սահմաններով շրջափակված Հայաստանի երկու հարևաններից մեկն է։
Իրանում կայացած ակցիան ունեցել է բացառապես հակասիոնիստական բնույթ
Ինչո՞ւ Իրանում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա տեղի ունեցավ, ինչպե՞ս կազդի Իսրայելում դեսպանատուն բացելու ՀՀ իշխանությունների որոշումը հայ-իրանական հարաբերությունների վրա, որքանո՞վ է ընկալելի այդ որոշումն Իրանում, ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, և մի շարք այլ հարցեր 168․am-ը քննարկել է վերլուծաբանների հետ։
Մեզ հետ զրույցում Իրանում լույս տեսնող «Արաքս» թերթի խմբագիր Մովսես Քեշիշյանն ասաց, որ ակցիայի նշանակությունը համարժեք գնահատելու համար շատ կարևոր է հաշվի առնել, թե ով է կազմակերպել ակցիան, ինչ կարգախոսներ են հնչել, որքանով է մարդաշատ եղել այդ միջոցառումը։
Ըստ նրա, ակցիայի մասնակիցների թիվը եղել է 20, այդ բողոքի ակցիայի ընթացքում հնչել են բացառապես հակաիսրայելյան, հակասիոնիստական կարգախոսներ, այրվել է Իսրայելի դրոշը, հակահայկական որևէ կոչ չի հնչել, հակահայաստանյան բնույթ չունի այս հարցը, ունի բացառապես հակաիսրայելական բնույթ, թեև, ըստ Քեշիշյանի, որոշ հոսանքներ փորձել են տվյալ հարցը հենց հակահայկական կոնտեքստում շրջանառել։
Նա նաև նշեց, որ Իրանում տարբեր ուժեր կան, տարբեր կողմեր, թուրքական լոբբիստական աշխատանքներ, ադրբեջանական լոբբիստներ, իրենք ունեն ազդեցություն, կան նաև արմատական մոտեցումներ ունեցող ուժեր, որոնք կարող են հանգեցնել նման ակցիաների, բայց երկրում միշտ ընդհանուր քաղաքականությունն իրականացնում է իշխանությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի։
«Հայաստանը պատմական իրավունքներ ունի Իսրայելում»
«Բոլոր երկրներն իրենց երկկողմ հարաբերությունները կառուցում են՝ հաշվի առնելով իրենց ազգային շահերը, և չեն կարող ենթարկվել երրորդ երկրների կամ այլոց պահանջներին։ Այսօր Հայաստանի շահն ի՞նչ է թելադրում, իրավիճակն այսպիսին է՝ Իրանի մյուս հարևանները՝ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք թշնամական հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, ռազմավարական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, այդ դեպքում մենք ակցիաների ականատես չենք լինում։ Մենք՝ որպես հայկական կողմ, չենք կարող հարաբերություններ չունենալ Իսրայելի նման երկրի հետ, որում համայնք ունենք, պատմականորեն իրավունքներ ունենք, քրիստոնեական ժառանգություն ունենք։ Սրանք կարևոր փաստարկներ են, որոնք Հայաստանին տալիս են իրավունք ունենալու այդ հարաբերությունները»,- ասաց Քեշիշյանը։
Նրա կարծիքով՝ Իրանի ԱԳՆ հաղորդագրություններից երևում է, որ իրենք ՀՀ-Իրան հարաբերությունները համարում են բարեկամական և ռազմավարական։
Քեշիշյանի արձանագրմամբ՝ կոպիտ և չոր փաստ է, բայց պետք է նշել, որ Իրանի բոլոր հարևանների շարքում վերջին 30 տարիներին ամենակայուն, ամենանորմալ հարաբերությունները եղել են Հայաստանի հետ։
«Եթե Ադրբեջանի կողմից եղել են անօդաչու սարքեր Իրանի գիտնականներին հարվածելու համար, թուրքական կողմը հավելյալ պահանջներ է դրել՝ խաղերի դիմել Իսրայելի հետ հարաբերություններում, Սիրիայում, Իրաքում Իրանի դեմ քայլերի դիմել, Աֆղանստանում և այլուր։ Իրանին, եթե պտտենք, շուրջբոլորը խնդիրներ կան, ամենակայունը փոքրիկ Հայաստանի սահմանն է։ Իրանի պետական կողմն ընկալում է դա։ Ըստ իս՝ Հայաստանի մոտեցումն Իրանի կողմից ընկալվել է։ Կարծում եմ՝ հայ-իրանական խզման մասին խոսելն ավելորդ է, այդ հարաբերությունները կենսական են երկու կողմի համար»,- ասաց Քեշիշյանը։
Իսրայելը կձգտի Հայաստանի հետ հարաբերություններն օգտագործել Իրանի դեմ
Մովսես Քեշիշյանը նշեց նաև, որ Իրանին դուր չի գալիս Իսրայելի աշխուժությունը տարածաշրջանում։
«Բայց պետություններն ունեն նաև իրենց իրավունքները, հարցն այն է, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունները թշնամական չլինեն Իրանի համար, միայն այդ դեպքում Իրանը կդիրքորոշվի դրա դեմ։ Բնական է, որ Իսրայելը կձգտի հայ-իսրայելական հարաբերություններն օգտագործել Իրանի դեմ, Ջոն Բոլթոնը պահանջում էր սահմանափակում հայ-իրանական հարաբերություններում, բայց հայկական կողմի պատասխանը հստակ էր, և դա ողջունվեց Իրանում, ՀՀ-ն պետք է առաջնորդվի իր շահերով։ Իսրայելը կձգտի, իսկ Հայաստանը թույլ կտա՞ նման բան, մենք դրան չենք հավատում, որ Հայաստանը նման բան կանի։ Սա է ողջ հարցը»,- ասաց Մովսես Քեշիշյանը։
Նա նշեց, որ համայնքը, այդ թվում՝ մամուլը, աշխատում են, որպեսզի ՀՀ իշխանությունների կայացրած որոշումը հայ-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ ընկալելի լինի Իրանում, և Իրանը թե պետական, թե հասարակական մակարդակում հասկանա, թե ինչ շահեր ունի Հայաստանն Իսրայելում։
Իրանական կողմի հետ բավարար աշխատանքներ չեն տարվել
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ, բարեբախտաբար, որևէ երկիր Հայաստանին ընտրության առջև չի կանգնեցրել, և Հայաստանը ստիպված չէ ընտրություն կատարել Իրանի և Իսրայելի միջև։
«Բայց, եթե տեսականորեն այդպիսի ընտրության առջև կանգնեինք, բնականաբար, պետք է ընտրեինք Իրանին, որը, բացի մեզ համար բարեկամ պետություն լինելուց՝ նաև ռազմավարական նշանակություն ունի և մեր 2 բաց սահմաններից մեկն է»,- ասաց Սարգսյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսներն ու Իրանի վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, բնական է Իրանի նմանատիպ արձագանքը ՀՀ կայացրած որոշմանը։
«Իրանի կողմից և պաշտոնական արձագանք եղավ, որով չողջունվեց Իսրայելում դեսպանություն բացելու որոշումը, նաև եղավ այս բողոքի ակցիան, չէր կարող չլինել նման բան, դա ակնհայտ է, որովհետև Իրանն իսկապես շատ լուրջ է վերաբերվում Իսրայելի հետ հարաբերություններին։ Բայց այստեղ ես կարծում եմ, որ մենք մեր շահերով պետք է առաջնորդվենք, բայց, բնականաբար, մեր բարեկամներին տեղեկացնենք, թե ինչով է պայմանավորված մեր դեսպանության բացումն Իսրայելում, որպեսզի Իրանում պատկերացում ունենան, թե ինչու է Հայաստանը ռեզիդենտ դեսպան ուղարկում Թել-Ավիվ։ Այս առումով խորհրդակցությունները շատ կարևոր են մեր քաղաքական ղեկավարության կողմից։ Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից որոշ բաներ ասվել են, բայց եթե հաշվի առնենք, որ բողոքի ակցիա է տեղի ունեցել, իրանագետները նշում են, որ կա լարվածություն, զգուշավորություն և որոշակի բացասական վերաբերմունք, ուրեմն այդ աշխատանքները բավարար չեն արվել, և պետք է բավարար ջանքեր գործադրվեին բարձրացնելու համար այդ հարցը և բացատրելու համար, թե ինչու էր պետք, որ գնայինք և դեսպանություն ունենայինք Իսրայելում։ Իսկ հիմնավորումները կան, անհրաժեշտությունը կա, հույս ունեմ, որ այդ բացատրությունը մեր գործընկերներին, այդուհանդերձ, տրվել է»,- ասաց Սուրեն Սարգսյանը։