«Նիկոլ Փաշինյանն անօգնական վիճակում է․ ամեն ինչ շատ վատ է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Մենք ունենք պետական կառավարման համակարգի տոտալ տապալում՝ կորոնավիրուսի պարագայում, և դժվար է  ասել, եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ինչ իրավիճակ կունենանք։ Նիկոլ Փաշինյանը և իշխող թիմը չեն վերահսկում իրավիճակը երկրում, չունեն լուծումներ, կառավարման մեթոդներ, պատկերացում չունեն՝ ինչ պետք է արվի, դրա արդյունքը խուճապահար լայվերն ու հայտարարություններն են, որոնցով զբաղված է Նիկոլ Փաշինյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի մոտ տպավորություն է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անօգնական վիճակում է, ինչը, ըստ նրա՝ դժբախտություն է՝ հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսից բավականին շատ մարդ է մահանում։

«Երևի հատուկ է թույլ կամք ունեցող մարդկանց համար՝ ամենակտրուկ պահերին փախչել պատասխանատվությունից կամ մեղավորներ փնտրել, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է մի բան, որ, իհարկե, կա կառավարման ճգնաժամ և մի շարք սխալ կամ ուշացած որոշումներ, որոնք բերել են այս իրավիճակին։ Հիմա ո՞վ է մեղավոր այդտեղ՝ պատասխանը պարզ է՝ ամեն ինչի համար, ինչ տեղի է ունենում երկրում, իշխանությունն իր բաժին պատասխանատվությունն ունի, և գերակշիռ է այդ բաժինը»,- ընդգծեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ իր վերջին ուղիղ եթերներում արված հայտարարություններով, գրառումներով Նիկոլ Փաշինյանը ներհասարակական թշնամության երկրորդ ալիքն է բարձրացնում․ «Եթե մարդը կենսական անհրաժեշտությունից ելնելով՝ գնում է բանկ կամ ուրիշ տեղ է հերթ կանգնում, Փաշինյանի հայտարարություններից հետո նրա հարևանը նրան սկսում է դիտարկել՝ որպես թշնամի, որպես սպառնալիքի աղբյուր։ Լավ օրից չէ, որ մարդը, օրինակ՝ Մեյմանդարի շուկայում առևտուր է անում, այլ փորձում է կենսական անհրաժեշտության խնդիրներ լուծել, և դա պետք է մեր իշխանությունը հաշվի առնի։ Ոչ թե քննադատել մարդկանց թոշակի համար հերթ կանգնելու մեջ, այլ ստեղծել մեխանիզմներ, որ մարդիկ չգնան փոստային բաժանմունքներ»։

Քաղաքագետն ընդգծեց՝ պետական կառավարման ապարատի տապալումը հղի է ամենաողբալի և ամենացավալի հետևանքներով․ «Դժվար է կանխատեսել՝ այս իրավիճակն ինչի կհանգեցնի, բայց այն, որ կա ճգնաժամ, և այդ ճգնաժամի արդյունքում մարդիկ են մահանում, փաստ է։ Թե մինչև որ աստիճանի դա կհասնի, դժվար է ասել, բայց հիմա կարող ենք փաստել, որ ամեն ինչ շատ վատ է»։

Տեսանյութեր

Լրահոս